Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ մերժել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որը նախատեսում էր նվազագույն եւ միջին կենսաթոշակները համապատասխանեցնել պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։
Առաջարկին կողմ քվեարկեց 32, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
«Հայաստան» խմբակցության ներկայացրած նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր 2026 թվականի հունվարի 1-ից սահմանել, որ նվազագույն կենսաթոշակի չափը պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքից։ Զամբյուղների հաշվարկի մեթոդաբանությունը նախատեսվում էր վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Նախագիծը ներկայացնելով՝ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ դրա նպատակն է Սահմանադրության 84-րդ հոդվածում ամրագրված՝ արժանապատիվ գոյության իրավունքի իրացումը։ Նա ընդգծել էր՝ գործող կառավարության ծրագրով եւս խոստացված է, որ 2026 թվականից կենսաթոշակները պետք է համապատասխանեն նշված զամբյուղների արժեքներին։
«Հետեւաբար, այս փոփոխության նպատակը իշխող ուժին հանրության առջեւ հրապարակային պատասխանատվության դաշտ բերելն է՝ դուք տե՞ր եք ձեր խոստմանը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա օրենքը պետք է ընդունվի եւ դարձվի երաշխիք», – ասել էր Մինասյանը։
Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտարարելով, որ նախագիծը ինքնանպատակ է։
«Մենք մեր հանձնառության տերն ենք եւ շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ընդդիմության այս նախագիծը նույն թիրախին հասնելու փորձ է, բայց օրենքով։ Մենք մեր ծրագրով այդ թիրախն ապահովելու ենք», – նշեց Կոնջորյանը՝ հավելելով, որ միայն նվազագույն թոշակների ավելացման հաշվին Կառավարությունը 2018-ից մինչ օրս հատկացրել է տարեկան շուրջ 380 միլիոն դոլար։ Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխող ուժը, դեմ քվեարկելով, փաստացի հրաժարվում է սեփական խոստումից։
«Դեմ քվեարկելով՝ դուք նաեւ դեմ եք քվեարկում ձեր իսկ հայտարարած թիրախին։ Իսկ պետական պարտքն այս ընթացքում աճել է մոտ 7 միլիարդ դոլարով», – ասաց նա։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԿԱՄՐՋԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է
Մարտի 25-ին Իջեւան խոշոր համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը մամուլի ասուլիս տվեց, որին մասնակցեցին հանրապետական եւ Տավուշի մարզային լրատվամիջոցների մեկ տասնյակ լրագրողներ։ Ասուլիսի սկզբում համայնքապետը ներկացացրեց 2024 թվականին Իջեւան համայնքում կատարված բազում ծրագրեր։ Իջեւանի համայնքի ղեկավարին մեր թղթակիցը հարցեր տվեց 2024 թ. մայիսի 27-ի ջրհեղեղից շարքից դուրս եկած Խաշթառակի կամրջի վերականգնման, Իջեւանի աղբավայրի ու Սպիտակ ջուր ջրամբարի տարածքի վերաբեյալ։ Համայնքապետն ասաց, որ Խաշթառակի կամրջի հիմնանորոգման նախագիծը հիմա կազմվում է, առաջիկայում կգործարկի պահանջվող չափանիշներին համապատասխան, Իջեւան համայնքը սպասարկող Խաշթառակի աղբավայրը, Իջեւանի Սպիտակ ջուր տարածքի համար համայնքապետարանը ծրագրում է, առաջիկայում ներդրողներ ներգրավել։
ԿԳՄՍՆ-Ն ՁԱԽՈՂՈՒՄ Է
Դիլիջանի պետական ու բժշկական քոլեջները 2024 թվականին միավորվել են, միացյալ՝ Դիլիջանի պետական բազմագործառութային տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մինչեւ քոլեջների միավորումը Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն աշխատած Վահագն Հովհաննիսյանը։ Ամիսներ առաջ Դիլիջանի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, սակայն լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը մրցույթին չէր ներկայացել, մրցույթը չէր կայացել։ Մարտի 4-ին նույն մրցույթը նորից չէր կայացել՝ վերստին նախարարության ներկայացուցչի չներկայանալու պատճառով։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի չներկայանալու այս դեպքը եզակի չէ։ 2024 թ. մարտի 26-ին լրացել է Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի պաշտոնում Գեղամ Խաչատրյանի 5 տարվա պայմանագրի ժամկետը։ Դրանից հետո քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող է նշանակվել այդ քոլեջի փոխտնօրենը։ Գեղամ Խաչատրյանից տեղեկացանք, որ դրանից հետո Սեւանի քոլեջի կառավարման խորհուրդը 10 անգամից ավել քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, սակայն բոլոր դեպքերում լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը մրցույթներին չի ներկայացել, ուստի դրանք չեն կայացել։ Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։ Հավելենք, որ ներկայումս Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ի «տնօրենի հաստիքը» թափուր է, այդ թափուր պաշտոնները համալրելու մրցույթները կայանում, կամ չեն կայանում ԿԳՄՍ նախարարությունում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ


















































































