Armenian text to speach

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Գոյ» թատրոնի շուրջ բռնկված կրքերը թվում էր, թե մարել են, սակայն ամեն բան դեռեւս շարունակվում է։

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Նամակում մասնավորապես նշված է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի կողմից արված հերթական քայլի մասին։

Արզումանյանը գրել է. «Հարգելի՛ տիկին Անդրեասյան, ես դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության ղեկավարի, քանի որ Ձեր ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ղեկավար Վարդան Մկրտչյանի գործողություններն անցել են ոչ միայն բարոյականության, այլեւ օրենքի սահմանները։ Վերջին եւ հատկապես վտանգավոր քայլն իրականացվեց օրեր առաջ. Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը ապամոնտաժել է «ԳՈՅ» թատրոնի հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։

Այդ գործողությունը ակնհայտորեն արվել է՝ Թատրոնը որպես մշակութային կենտրոն վերացնելու նպատակով, «ԳՈՅ» թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրությամբ, մեր պայքարը բարոյապես ու ֆիզիկապես ճնշելու հաշվարկով։ Մամուլում արդեն շրջանառվում է Վարդան Մկրտչյանի արձագանքը, որտեղ նա հերքում է իր մասնակցությունը նստատեղերի հեռացման հարցում եւ հայտարարում, որ «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի։

Եթե նա կապ չունի, ապա ո՞վ է տվել այդ հրահանգը։

Եթե «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի, ապա ինչո՞ւ են այդքան հետեւողականորեն ջնջում նրա պատմության հետքերը։

Սա արդեն ոչ միայն Սունդուկյան թատրոնի, այլեւ Ձեր նախարարության պատասխանատվության շրջանակում է, քանի որ ՊՈԱԿ-ը գործում է ԿԳՄՍ նախարարության վերահսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին լրացավ 1 տարին, ինչ «Գոյ» թատրոնը փակվել է։

Նշենք, որ «ԳՈՅ» թատրոնի գործը դեռ գտնվում է դատարանում, եւ այն իրավականորեն վերջնական լուծում չի ստացել։

Սարգիս Արզումանյանը նաեւ պահանջներ է ներկայացրել.

«1. Պահանջում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը անհապաղ արձագանքի եւ խստագույնս կարգի հրավիրի Վարդան Մկրտչյանին, որպեսզի նա դադարեցնի թատրոնի վերացմանն ուղղված քայլերը։

  1. Պահանջում եմ, որ նախարարությունը հստակ պատասխանի՝ տեղյակ է արդյոք Վարդան Մկրտչյանի կատարած քայլերից, եւ եթե այո, ապա ինչու չի միջամտել։
  2. Եթե ԿԳՄՍ նախարարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում, ապա սա նշանակում է, որ Դուք նույնպես հանցակից եք «ԳՈՅ» թատրոնի ոչնչացման գործընթացին»։

Հիշեցնենք նաեւ, որ թատրոնի փակվելու կապակցությամբ տեղի են ունեցել տարաբնույթ բողոքի ակցիաներ, նստացույցեր։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

36 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձեւակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։

Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը եւ հսկողությունը կարեւոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաեւ օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետեւել օրենքի պահանջներին եւ դրսեւորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն եւ վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ: Երեք եւ ավելի վարձու աշխատողների չձեւակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 մլն դրամով:

 

 

 

3,5 ՄԼՆ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

Մոտ 3,5 միլիոն սիրիացիներ, որոնք վերջին 14 տարիների ընթացքում զինված հակամարտությունների պատճառով դարձել են փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, պատրաստ են հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եթե առկա լինեն անհրաժեշտ կենսապայմաններ։ Նման պայմանների ստեղծումը ներդրումներ կպահանջի երկրի վերակառուցման եւ զարգացման համար, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը։ Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ելույթի տեքստը հրապարակել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: «Մենք պետք է գործենք մեծ հրատապությամբ՝ ներդրումներ կատարելու համար Սիրիայում վերականգնման, վերակառուցման եւ զարգացման գործում», – ասել է Ֆլեթչերը։

«Սրա համար չափազանց կարեւոր կլինի ծառայությունների ընդլայնումը: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ եւ փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, հիմնական պայմանների՝ բնակարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք առկայության դեպքում»: Ինչպես ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, դա կպահանջի «ներդրումներ եւ ժամանակ»՝ հաշվի առնելով «[Սիրիայի նկատմամբ] գործող պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաեւ ավերածությունների եւ կարիքների մասշտաբները»:

 

 




Լրահոս