
Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է։ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էին, որ «Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում»։ Մխիթար Հայրապետյանը գրել էր, թե ինչու է սա կարևոր՝
Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։
Բացատրենք, թե ինչ է Starlink-ը, որ ցնցել է հայկական համացանցը
Starlink-ը SpaceX ընկերության արբանյակային համացանցի նախագիծն է, որը նպատակ ունի ամբողջ աշխարհում ապահովել արագ և մատչելի ինտերնետ՝ հատկապես այն տարածքներում, որտեղ ավանդական ինտերնետային կապի հնարավորությունները սահմանափակ են։
Ինչպես է աշխատում Starlink-ը
Starlink-ը բաղկացած է ցածր ուղեծրում (550-1300 կմ բարձրության վրա) տեղակայված հազարավոր արբանյակներից, որոնք տրամադրում են ինտերնետային ծառայություններ։ Օգտատերերը միանում են այս համակարգին հատուկ անտենայի միջոցով, որը կապ է հաստատում արբանյակների հետ։
Ինչ օգուտներ կարող է տալ Starlink-ը Հայաստանին
1. Արագ և կայուն ինտերնետ հեռավոր բնակավայրերում․
Հայաստանում կան համայնքներ, որտեղ ֆիքսված կամ բջջային ինտերնետը թույլ է կամ անհասանելի։ Starlink-ը կարող է այս բնակավայրերում ապահովել արագ և կայուն ինտերնետային կապ։
2. Արտակարգ իրավիճակների դեպքում ինտերնետային կապի պահպանում․
Երկրաշարժերի, պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում ավանդական կապի միջոցները կարող են խափանվել, մինչդեռ Starlink-ը շարունակելու է աշխատել։
3. Հատկապես գյուղական շրջաններում, որտեղ ինտերնետի որակը թույլ է, Starlink-ը կարող է նպաստել հեռավար աշխատանքին, տեխնոլոգիական ստարտափների զարգացմանը և էլեկտրոնային առևտրի ընդլայնմանը։
Starlink-ի մուտքը Հայաստան, կարող է բերել տեխնոլոգիական հեղափոխություն՝ ապահովելով ինտերնետի հասանելիություն այնտեղ, որտեղ դա մինչ այժմ բարդ էր։
Starlink-ը, որը SpaceX-ի արբանյակային ինտերնետային ծառայությունն է, ներկայումս հասանելի է ավելի քան 125 երկրներում։ Վերջին տվյալներով՝ այն ունի ավելի քան 5 միլիոն բաժանորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան