Սերգո Կարապետյանը FAO-ի ներկայացուցչին ներկայացրել է ՀՀ-ում գյուղոլորտի զարգացման հիմնահարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին եւ ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի խնդիրները:

Ընդգծելով մեր երկրում ՊԳԿ-ի իրականացնող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարեւորություն ունեցող հիմնահարցերը, որոնց լուծման մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է ՊԳԿ-ի օժանդակությունը:

Նշվել է հատկապես սպանդանոցների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, ծիրանի եւ խաղողի գենետիկ սորտերի պահպանման եւ օգտագործման, գյուղատնտեսական մթերքի իրացման շուկաների կազմակերպման ծրագրերի կարեւորությունը:

Որպես հրատապ աջակցության խնդիր է ներկայացվել վերջին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վնասների փոխհատուցման գործում ՊԳԿ-ի հնարավոր օժանդակության ակտիվացումը:

«Մեզ համար հրատապ խնդիրներից է մնում նաեւ Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման անհրաժեշտությունը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ խնդրելով հնարավորինս արագացնել այս հարցում ՊԳԿ-ից ակնկալվող աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՖԱՕ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացման արդյունավետությանը, պարոն Ալոնզին կազմակերպության քննարկմանը ներկայացնելու նպատակով խնդրել է մանրամասն հիմնավորումներ տրամադրել վերոնշյալ հիմնահարցերի վերաբերյալ:




Լրահոս