
Կան այնպիսի հանրային դեմքեր, որոնք կարող են մեկ անգամ ինչ-որ սկանդալային հայտարարություն անել, ինչ-որ տեսանյութ հրապարակել, բաժանվել սիրելիից կամ այլ բան անել և հայտնվել բոլորի ուշադրության թիրախում։
Այդ դեմքերից մեկը վստահաբար Լեդի Գագան է, ով ոչ թե մեկ անգամ է հայտնվել ուշադրության կենտրոնում, այլ մշտապես։
Բացի ուշադրության կենտրոնում լինելը կարելի է ասել, որ երգչուհին նաև սկանդալների էպիկենտրոնում է հայտնվում։
Փոփ դիվան այսօր դարձավ 38 տարեկան։
ArmLur.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր Գագայի կյանքից։
Ազգությամբ իտալուհի, սակայն ամերիկացի երգչուհին բազմապրոֆիլ է։ Բացի երգչուհուց Գագան նաև երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես լեդի է, սակայն հարկ է նշել, որ իրեն առաջին հերթին համարում է երգչուհի։
Լեդի Գագայի իրական անունը Ստեֆանի Անջելինա Ջերմանոտա է: Իր կեղծանունն ընտրելիս ոգեշնչվել է Ֆրեդի Մերկուրիի լեգենդար խմբի «Radio Ga ga» երգից։
Գագան մշտապես աչքի է ընկնում իր յուրահատուկ, համարձակ և ինչու ոչ նաև տարօրինակ հանդերձանքներով։ Քչերին է հայտնի, որ հենց ինքն է իր բեմական հագուստների հեղինակը։
Շատ չշեղվելով նորաձևության թեմայից, նշենք, որ Գագայի կարծիքով նորաձևությունն ու երգարվեստը սերտ կապված են, ուստի Գագայի բոլոր կատարումները իրական խելահեղ շոուներ են, ինչը վստահաբար չեք տեսնի և ոչ մի պոդիումի վրա։
Լեդի Գագան բազմիցս է հայտարարել, որ իր կյանքը նվիրելու է արվեստին, այլ ոչ թե ընտանեկան գործերին։ Չնայած այս հայտարարությանը Լեդի Գագան 2015 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը համաձայնել է ամուսնանալ իր 33-ամյա սիրեցյալ՝ դերասան Թեյլոր Կայննի հետ, որի հետ ծանոթացել է 2011 թվականին՝ «Yoü and I» տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Զույգը պատրաստվել է ամուսնանալ, պլանավորել են հարսանիքը, սակայն 2016 թվականի հուլիսին Լեդի Գագան հայտարարեց, որ բաժանվել է իր ամուսնուց։
Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ երգչուհին հայտարարել է, թե չի պատրաստվում իր կյանքը նվիրել ընտանեկան գործերին, այնուամենայնիվ երգչուհին սիրում է պատրաստել իր և իր սիրելիների համար։ Երգչուհու սիրելի խոհանոցը իտալական խոհանոցն է։
Լեդի Գագայի դպրոցական տարիները ևս հետաքրքիր են անցել։ Մի առիթով Գագան ասել է․ «Ինձ հաճախ ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն կամ էքսցենտրիկ լինելու համար, այդ պատճառով ես ինձ ավելորդ և ֆրիկ էի զգում»։
Նրա դասընկերները կարծում էին, որ նա չի համապատասխանում իրենց դպրոցին։ Նշենք, որ Լեդի Գագան սովորել է Փերիս Հիլթոնի հետ նույն դպրոցում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրա մայրը նրան համոզում է ընդունելության դիմում ներկայացնել Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցի երաժշտա-թատերական կոնսերվատորիայի բաժինը։ Մինչ տասնյոթ տարեկան դառնալը Գագան դառնում է մեկը քսան դիմորդներից, որ ժամանակից շուտ է ընդունվում համալսարան։ Այս ամենն իհարկե խոսում է Գագայի առաջադիմության, զարգացվածության մասին։ Անգամ դպրոցում բուլինգի, բռնության ենթարկվելուց հետո Գագան չի հանձնվել և շարժվել է առաջ։
Լեդի Գագան, չնայած նրան, որ իր տեսահոլովակներում բավականին բարձրահասակ է երևում, իրականում ցածրահասակ է։ Լեդի Գագայի հասակը 155 սմ է, այդ իսկ պատճառով էլ երգչուհին մշտապես բարձրակրունկներով է։ Իսկ ինչը վերաբերում է տեսահոլովակներում բարձրահասակ երևալուն, ապա դա համակարգչային մոնտաժ է։
Դուք երբեք Լեդի Գագային չեք կարող տեսնել առանց դիմահարդարման։ Առանց դիմահարդարման Գագան ոչ մի տեղ չի գնում։
Լեդի Գագայի ամբողջ մարմնին կան տարբեր չափերի և պատկերներով դաջվածքներ։
Լեդի Գագան Հայաստանում մեծ իրարանցում առաջացրեց իր «911» տեսահոլովակով, որը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին։
Տեսահոլովակի առաջացրած մեծ իրարանցման պատճառն այն էր, որ տեսահոլովակում առկա են հայկական սիմվոլներ՝ նուռ, եռագույն և այլն։
Տեսահոլովակի մասին եղան շատ թեորիաներ, կարծիքներ․ եղան նաև այնպիսի կարծիքներ, որ տեսահոլովակը զգուշացում է հայերի համար և պետք է պատրաստ լինել ամեն անհնարին բանի։ Եվ չնայած բոլոր վերլուծություններին ու կարծիքներին, Գագայի տվյալ տեսահոլովակը նկարահանված է Փարաջանովյան մոտիվներով։
Աննա Սրապիոնյան