Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեղադրանք առաջադրեն։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

Քնար Մանուկյան




Լրահոս