Այս պահին լրագրողների հետ հանդիպմանը ՀԽ Ձեռնարկատերերի և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացնում են իրենց հորդորները նոր վարչապետին, վերջինիս հետ կապված հասարակության ակնկալիքները:
Սադոյանի համոզմամբ`ապագա վարչապետը պետք է լինի այնպիսի մեկը, ով ընդդիմադիր լինի, իսկ ռեալ հնարավորություն ունեն շատերը:
«Պարզ է, թե Սերժ Սարգսյանն ում հետ ինչ հարաբերություններ ունի և ումից ինչ ակնկալիքներ կան: Ծիծաղելի է, որ ՀՀԿ-ականներն ասում են` մենք չգիտենք, նախագահը կորոշի: Նրանք են որոշողն ու իշխող քաղաքական ուժը:
Ինձ ավելի շատ հուզում են Սահմանադրական փոփոխությունները: Մենք հրավիրեցինք անգամ էպոսագետին՝ իմանալու համար, թե ինչպես են պատկերացնում այն, որ կձևավորվի համարյա իշխանական պետություն»,- ասաց Սադոյանը` հավելելով, որ եթե Հայաստանում կա ընդամենը մեկ ու կես միլիոն հայ, ապա սփյուռքում տասը միլիոն է, և նրանց նույնպես պետք է հնարավորություն տալ ՀՀ կարևոր որոշումներ կայացնելիս մասնակցություն ունենալ:
Իսկ սոցիոլոգ Ադիբեկյանի գնահատմամբ` մեր տնտեսությունը չունի այն որակը, որ վարչապետից կախված լինի նրա առաջընթացը:
«Տիգրան Սարգսյանը, ԿԲ-ի նախագահը լինելով, ոչինչ չի սնանկացրել, բոլոր ներդրումներն ապահովել է, մարդիկ վստահել են այդ համակարգին: Կարծում եմ, որ եթե կուտակայինը ներդրվեր, կգործեր շատ լավ: Հույս ունեմ, որ եկող վարչապետը կարող է շարժ տալ դրան,- ասաց Ադիբեկյանը:-Մեզ պետք է վարչապետ, որը պետք է հասկանա, որ Հայաստանի պես թույլ երկիրը պետք է մոբիլիզացիոն գործընթաց կազմակերպի փոքր և միջին բիզնեսի առաջընթացի համար»:
Նրա համոզմամբ` կառավարությունը պետք է գոնե մի քիչ հասկանա արդյունաբերությունից:
«Վարչապետը փրկեց իր դեմքը` ապացուցելով, որ մեղավոր էր հանրությունը, ոչ թե ինքը: Կուտակայինի համար Տիգրան Սարգսյանը շատ ժամանակ վատնեց»,- հավելեց Ադիբեկյանը: