Դանիան ցանկանում է ուժեղացնել երկրի զինված ուժերի նավատորմը, այդ թվում՝ տասնյակ նավերի գնման և կենսական կարևորություն ունեցող ստորջրյա ենթակառուցվածքների նկատմամբ հսկողության նոր սարքավորումներ ձեռք բերելու միջոցով, հայտնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարար Տրուելս Լունդ Պոուլսենը ցանկանում է ամրապնդել դանիական նավատորմը առաջիկա ռազմածովային ծրագրի շրջանակում։ Ռազմածովային ծրագիրը ներառում է երկարաժամկետ ուղի՝ նավատորմի կառուցման հնարավորությունների վերաբերյալ որոշումների նախապատրաստման համար։ Կառավարությունը առաջարկում է անհապաղ ձեռք բերել նոր սարքավորումներ՝ կենսական կարևորություն ունեցող ստորջրյա ենթակառուցվածքների հսկողության համար, ինչպես նաև սկսել անօդաչու թռչող սարքերի և այլ անօդաչու սարքերի մշակման ծրագիր, որոնք կուժեղացնեն նավատորմը», — նշվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ երկիրը կավելացնի պաշտպանական ծախսերը։ Ավելի ուշ նա հավելել էր, որ կառավարությունը դեռ չգիտի, թե որտեղից է վերցնելու այդ գումարները։





























