ԱՄՆ-ի սենատը 25 տարվա մեջ առաջին անգամ է նման բանաձև ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևի ընդունումը կարևոր է այնքանով, որ Սենատում նման նախաձեռնություն վաղուց չէր եղել: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Մնում է, որ այդ բանաձևը փոխանցվի ամբողջ Սենատին, որպեսզի հարցը քվեարկության դրվի ավելի մեծ մասշտաբներով: Բանաձևի ընդունումը հատկանշական է նաև նրանով, որ այս օրերին Թուրքիան փորձում է իր խափանարար պահվածքով խնդիրներ հարուցել նաև սիրիահայության համար»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը հույս հայտնեց, որ եթե ոչ մոտ օրերին, ապա սենատի` արձակուրդից վերադառնալուց հետո բանաձևին հետագա ընթացք կտրվի:

«Կանխատեսումներ անելու համար դեռ շուտ է, սակայն երեկվա քվեարկությունը լավատեսության հիմքեր է տալիս»,- ասաց նա:

Հիշեցնենք` սա վերջին 25 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Հիշեցնենք նաև, որ բանաձևն ընդունվեց 12 կողմ, 5 դեմ ձայնով։

Անի Ղազարյան




Լրահոս