Արդեն գարնան երկրորդ ամսվա առաջին օրն է՝ ապրիլի մեկը։
Ապրիլի մեկին նշվում է մի շատ հետաքրքիր օր։ Առանց դրա կյանքը անհետաքրքիր կլիներ, անգույն կամ գորշ։
Ամբողջ աշխարհում նշվում է ծիծաղի օրը։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ կստացվեր, եթե չլիներ ծիծաղը․ անհնար է, չէ՞։
Նախքան օրվան անդրադառնալը ArmLur.am-ը ներկայացնում է որոշ փաստեր ծիծաղի մասին։
Այսպիսով, ծիծաղը ոչ միայն հաճելի զգացողություն է, այլև այն ունի ֆիզիոլոգիական և հոգեբանական շատ օգուտներ։
Ծիծաղը թուլացնում է սթրեսը և նվազեցնում կորտիզոլի մակարդակը։
Ծիծաղն ամրացնում է իմունիտետը և խթանում է հակամարմինների արտադրությանը։
Ծիծաղը բարելավվում է արյան շրջանառությունը՝ սրտին օգնելով ավելի առողջ մնալ։
Այս տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ» (April fools)։
Հայտնի է, որ 1539 թվականին մի ֆլամանդացի ազնվական կատակել է իր ծառաների հետ՝ նրանց տալով ապրիլմեկյան զվարճալի հանձնարարություններ։ Տոնի առաջին հիշատակումը թվագրված է 1686 թվականին, երբ Ջոն Օբրին հիշատակել է «Հիմարների տոնը»։ Տասը տարի անց մի քանի լոնդոնցիներ փորձել են զվարճացնել մարդկանց՝ հրավիրելով զվարճանալու Թաուերի «առյուծների լվացարանում»։
Գրեթե ամբողջ Եվրոպայում տարածված ապրիլի մեկին խաբելու սովորույթի ծագման մասին բազմաթիվ կարծիքներ կան, անգամ՝ Հայաստանում։ Ոմանք խաբելու հանգամանքի մեջ տեսնում էին միայն ապրիլյան եղանակի փոփոխական լինելու ակնարկ։ Հին Գերմանիայում այդ սովորույթն անհայտ էր։
Հայաստանում առավել տարածված է խաբելու սովորությունը, ինչը շատերը վերագրում են կատակին։ Շատ ժամանակ սուտն այնքան համոզիչ է լինում, որ ուզած թե չուզած հավատում ես այդ ամենին և հայտնվում կա՛մ անհարմար իրավիճակում, կա՛մ զվարճալի։
Չնայած նրան, որ տոնին անդադար պետք է ուրախանալ, պետք է նաև հիշել, որ չափի զգացումը կորցնել էլ պետք չէ, որպեսզի սուտը չդառնա ճակատագրական։
Ինչպես նշեցինք սկզբում՝ ծիծաղի միջոցով կարելի է խուսափել որոշ հոգեբանական և ֆիզիկական խնդիրներից։ Կա մի հետաքրքիր թերապիա, որն անվանում են ծիծաղաթերապիա։
Իսկ ի՞նչ է դա․
Ծիծաղաթերապիայի մեթոդը հումորի օգնությամբ ստեղծում է դրական հոգեվիճակ, օգնում է մարդուն տեսնել և իր համար բացահայտել կյանքի տարբեր անհեթեթ իրավիճակներ, ինչը լավացնում է ինքնազգացողությունը (ֆիզիկական և զգացմունքային), մարդուն ուղղորդում է առավել բարձր մակարդակի խնդիրների լուծմանը, հոգեպես հարստացնում է, բարձրացնում է ճանաչողական պոտենցիալը։ Ծիծաղաթերապիան (կատակաթերապիա, հելոթերապիա) թերապևտիկ հումորի տարբեր մասնագետների կողմից հումորիստական տեխնիկայի կիրառումն է, որի նպատակն է, որ հաճախորդն ավելի լավ հասկանա ինքն իրեն, իր կողմից դրսևորած վարքագիծը, իր տրամադրությունը։
Ծիծաղի մասին անգամ գիտություն կա, որը կոչվում է հելոտոգոլիա։ Այս գիտությունը հիմնել է հոգեբան Ուիլյամ Ֆրայը, որն ուսումնասիրում է ծիծաղի ազդեցությունը առողջ մարդու վրա և ծագել է ԱՄՆ-ում՝ XX դարի 60-ական թվականներին՝ Սթենդֆորդի համալսարանում։
Հայտնի է, որ ծիծաղելիս մարդու մոտ աշխատում են մկանների 80 խումբ, օրգանիզմը հարստանում է թթվածնով, արտադրվում են էնդորֆիններ, սթրեսային հորմոնների մակարդակն իջնում է, հումորն օգնում է նաև իրադրության փոփոխությանն ու ինքնատիրապետման ամրապնդմանը, հումորը որպես փոխհատուցում։
Հումորը, որպես մեթոդ, կիրառվում է հոգեթերապիայի տարբեր ձևերի ժամանակ։
Գոյություն ունեն նաև այլ պրակտիկաներ՝ ծիծաղի յոգա (հասյա յոգա), հիվանդանոցային կլոունադա, ծիծաղի սենյակներ և ակումբներ, մարմնական հիվանդություններով տառապող հաճախորդների բուժում (ծիծաղի ազդեցությունն իմունիտետի, ցավի, երկարակեցության վրա), նևրոզների կլինիկական հոգեթերապիա, ծիծաղաթերապիան մանկավարժության մեջ, հումորն աշխատավայրում (հումորային դասընթացներ), հումորային օրագրերի վարում, հումորը հոգեբանության մեջ։
Աննա Սրապիոնյան
























