ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես մոռանալ անցյալի թշնամանքը և ձեռք սեղմել Վարդան Ղուկասյանի հետ. Գյումրիում դժվար օրեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար դժվար օր է. պետք է ընտրություն կատարի հանրության ակնկալիքների և իր թիմի պահանջների միջև: Երկուսն էլ, անխոս, կարևոր են ու, թերևս, կհաղթի հանրային շահը:

ArmLur.am-ին Գյումրուց տեղեկություններ են գալիս այն մասին, որ Մարտուն Գրիգորյանն ու իր թիմակիցները հիմա քննարկում են հարցը՝ ինչպես մի կողմ դնել «պապենական թշնամանքը» Վարդան Ղուկասյանի հետ, ինչպես ներել քավորի մահը, ինչպես ջնջել անցյալը և միավորվել Վարդան Ղուկասյանի հետ: Թերևս իրավիճակը փրկելու համար է, որ Վարդան Ղուկասյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Մարտուն Գրիգորյանին թշնամի չի համարում, որ իր թշնամին թուրքերն են և որ ինքը պատրաստ է նստել, խոսել, պայմանավորվել:

Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմակիցները վստահ չեն, որ Վարդան Ղուկասյանը նախ իրեն կպահի ընդդիմադիր դիրքերում` ինչպես ակնկալվում է և երկրորդ՝ վստահ չեն, որ նրան միանալով Մարտուն Գրիգորյանին ձայն տված մարդկանց հետ ազնիվ կլինի Գրիգորյանը:

Բայց մյուս կողմից բոլորն էլ հասկանում են, որ չպետք է կրկնել Երևանի քաղաքապետի ընտրությունների սցենարը և որևէ դեպքում թույլ չպետք է տալ, որ Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ ունենա: Թերևս այս դժվարությամբ է պայմանավորված այն փաստը, որ Մարտուն Գրիգորյանը դեռ չի շտապում հայտարարությամբ հանդես գալ` ի տարբերություն մյուս ընդդիմադիր թեկնածուների:

Կուլիսային խոսակցություններն ու պլանավորումները, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, արդեն սկսվել են: Ընդդիմությունն իր հաղթանակը կամրապնդի կայացվելիք որոշմամբ, բայց այն իրապես դժվար է տեղական, համայնքային և անձնական հարաբերությունների մակարդակում:

Թերևս հենց այս պատճառով է, որ Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել մեկ տող հայտարարությամբ։

«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է»,-գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս