ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ Սևանա լճի խնդիրները դեռ նույնն են մնում: Մենք արդյունագործական ձկների պաշարներ, բացի լճածածանից, չունենք:
Ողջունելի է, որ Իշխան ձկնատեսակի վերականգնման փորձ է արվում, այսինքն` մանրաձկներ են բաց թողնում, մի կողմից էլ ապօրինի որս է արվում:
Ինչ վերաբերում է Սևանա լճում ձկնաբուծարան կառուցելու ծրագրին, բանախոսը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում: «Ձկնաբուծական այս տնտեսության ստեղծումը ցանցավանդակների ձևով կարևոր է, քանի որ լինելու է պետության հովանավորության տակ: Ձկնային այդ տնտեսությունում լինելու են ստուգված ձկներ և աճեցվելու է մաքուր Իշխանի երկու տեսակ: Մենք պետք է ունենանք իշխանի երկու տեսակի գենոֆոնդ պետության աջակցությամբ»:
Նախատեսվում է աճեցնել 50.000 տոննա ձուկ, որից 1,5 տոկոսը օգտագործվելու է արհեստական բազմացման համար, մնացածը վաճառվելու է:
Ծրագրի բացասական կողմն այն է, որ ձկների արտաթորանքների միջոցով Սևանա լիճ են մտնելու օրգանական նյութեր: Խնդիրը լուծելու համար կարող են պայմաններ ստեղծել, որ այդ տնտեսության մեջ խեցգետիններ լինել, որոնք օրգանական այդ նյութերի սպառողը կլինեն:
Անդրադառնալով ձկներին մոդիֆիկացված կերով սնելուն՝ պրն. Գաբրիելյանի խոսքով` ՀՀ-ն օրենք ունի մոդիֆիկացված կերի մասին: Կերը ներմուծվելու է Դանիայից և պետք է ձկներին տրվի թույլատրելի սահմանով: