
Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Կիրանց-Ոսկեպար բարձրադիր, լեռնային հատվածը սառած եւ դժվարանցանելի է: Բագրատաշենի մաքսակետով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարներն այժմ ստիպված այս ճանապարհով են անցնում, քանի որ հոկտեմբերի 2-ին Այրումի սողանքի պատճառով չեն կարող Վանաձորով Երեւան հասնել: Կիրանց-Ոսկեպար ճանապարհի ոլորաններում բեռնատարները հաճախ են սահում, փակում ճանապարհը: Նրանց աջակցության են շտապում Կիրանցի եւ Ոսկեպարի տրակտորիստները, որոնք իրենց տրակտորների անիվներին շղթաներ են կապում եւ «բուքսիր» դառնում «ֆուռերին»: Այդ կերպ ձմռանն անգործ մնացած տրակտորիստներն օգտակար աշխատանք են անում, նաեւ` գումար վաստակում: