Հայաստանը որպես ՌԴ կցորդ է ընկալվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի պատվիրակությունը միաձայն «դեմ» է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը  մինչև 2014 թվականի տարեվերջը ձայնի իրավունքից զրկող բանաձևին, որին «կողմ» է քվեարկել 145 պատգամավոր, «դեմ»՝ 21-ը, «ձեռնպահ»՝ 22-ը:

Եվ եթե ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցով քվեարկության դեպքում Հայաստանի իշխանությունները փորձեցին արդարանալ` նշելով, որ Հայաստանը չի կարող որևէ պարագայում դեմ հանդես գալ ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա երեկվա քվեարկության շուրջ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ներկայացրած պատճառաբանությունը որևէ քննադատության չի դիմանում:

Դավիթ Հարությունյանը ՀՀ չորս պատվիրակների քվեարկությունը բացատրել է այն հանգամանքով, որ Վեհաժողովը սկսել է փոստֆակտում արձագանքել` առանց խորամուխ լինելու խնդիրների էության մեջ:

Մեր կարծիքով՝ այս պահին կա լուրջ վտանգ իրավիճակի հետագա էսկալացիայի, և Վեհաժողովի ուշադրության հիմնական կենտրոնը պետք է ուղղված լիներ իրավիճակը գիտակցելուն և հետագա էսկալացիան կանխելուն: Մեր պատվիրակության տպավորությունն այն է, որ Վեհաժողովը չի գիտակցում իր բուն դերակատարությունը և որոշակի աշխարհաքաղաքական գործոնների զոհ է դարձել»,- «Ազատության»-ն ասել է Հարությունյանը:

Ուշագրավ է, որ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունից  է խոսում մի երկրի պատվիրակության ղեկավարը, որը բացահայտ և աներկբայորեն կատարում է այդ աշխարհաքաղաքական  գործոններից մեկի` Ռուսաստանի հրահանգները: Եվ  այլևս ակնհայտ է, որ  այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն աստիճանաբար սկսելու է ընկալվել որպես Ռուսաստանի անմիջական կցորդը և ընդունվելու  է որպես Ռուսաստանի պատվիրակության մի մաս` այլ անվան ներքո:

Իհարկե, նախկինում ևս դժվար է հիշել որևէ դեպք, երբ Հայաստանը  Ռուսաստանի շահերին հակադրվող դիրքորոշում հայտնած լիներ: Խնդիրն այն է, սակայն, որ նախկինում Ռուսաստանն ինքը չէր հանդիսանում թիրախը, և Հայաստանի  ռուսահպատակ դիրքորոշումն այդքան ցայտուն չէր: Մինչդեռ հիմա իրավիճակն այլ է, և նման անվերապահ ռուսահպատակությունն առաջիկայում կարող է մեր երկիրը նոր և լուրջ խնդիրների առջև կանգնեցնել: Արդեն իսկ  երեկ հստակ նշվեց, որ եթե Ռուսաստանը դուրս չգա Ուկրաինայից և քայլեր չձեռնարկի իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ, ապա ԵԽԽՎ կողմից կկիրառվեն նոր պատժամիջոցներ, ընդհուպ մինչև` պատվիրակությանը լիազորություններից զրկելը:

Թե նման զարգացումն ինչպիսի մարտահրավերների առջև կկանգնեցնի հայկական պատվիրակությանը և թե նման զարգացումների պարագայում ինչպիսի հարված կհասցվի Հայաստանի դիրքին միջազգային կազմակերպություններում` դժվար չէ կանխատեսել:




Լրահոս