Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որեւէ պատճառ գոյություն չունի։ Անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին եւ այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարեւորությանը՝ պատգամավորը շեշտել է, որ անհամբեր սպասում է այդ իրադարձությանը։
«Անհամբեր սպասում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը։ Տարածաշրջանը եւ նրա բնակիչներն արժանի են ինչպես խաղաղությանն, այնպես էլ իրենց իրավունքների հարգմանը»,-ընդգծել է Նատալի Լուազոն։ Խոսելով ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի ստորագրման հավանականության մասին այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր նախապայմաններ առաջ քաշել՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ ինքը համաձայնագրի չստորագրման պատճառներ չի տեսնում։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրումը հետաձգելու պատճառ չեմ տեսնում։ Այդ համաձայնագիրը թեթեւություն կբերի եւ երկու երկրներին էլ թույլ կտա նայել դեպի ապագա»,-նշել է Լուազոն։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանը կկենտրոնանա սեփական քաղաքացիների բարօրության վրա, իսկ Հայաստանը իրեն վերջապես ապահով կզգա հնարավոր հարձակումներից։
«Հուսով եմ, որ Ադրբեջանը կկենտրոնանա ոչ թե իր խաղաղ հարեւանին ճնշելու, այլ սեփական քաղաքացիների բարօրությունն ապահովելու վրա։ Հուսամ՝ Հայաստանը իրեն վերջապես ապահովված կզգա հարձակումներից», – շեշտել է պատգամավորը։ Մեկնաբանելով այն հանգամանքը, որ Խաղաղության համաձայնագրի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը սկսել է ապատեղեկատվություն տարածել, թե Հայաստանի զինված ուժերն իբր թե խախտում են սահմանային հրադադարը՝ եվրոպացի պատգամավորը շեշտել է, որ իրավիճակը բորբոքող հռետորաբանությունը եւ սխալ ասեկոսեները պետք է դադարեցվեն։
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մատնանշել է, որ սահմանային իրադրությունը հանգիստ է։ Խաղաղությունը պահանջում է այնքան քաջություն, որքան պատերազմը։ Միայն թույլ հոգիներն են վախենում խաղաղությունից», – ընդգծել է Նատալի Լուազոն։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու եւ դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԻՍԱՏ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել. «Ո՞ր կազմակերպությունն է իրականացնում Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի կառուցապատումը։ Ինչքա՞ն է կազմում այդ ճանապարհի շինարարության արժեքը։ Մարտի 19-ի դրությամբ այդ շինարարությունում ինչքա՞ն աշխատանքներ են կատարվել, ե՞րբ է այդ ճանապարհը շահագործման հանձնվելու»։ Մարզպետարանից պատասխանել են. «2024թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրերով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են 6.3 կմ երկարությամբ՝ Հ-26, /Մ-4/ – Ենոքավան-Կարմիր գյուղ -Հ-58 կմ0+000-կմ6+300 հանրապետական նշանակության ավտոճանապարհի, հիմնանորոգման աշխատանքները 718 մլն դրամ արժեքով: Աշխատանքներն ավարտված են։ Աշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի մնացած հատվածի՝ Ենոքավան-Կարմիրգյուղ վերականգնման ուղղությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չի հանդիսանում պատվիրատու»: Փաստորեն ռազմավարական նշանակության ճանապարհը կիսատ է, մարզպետարանը պարտավոր էր հայտնել, թե որ կառույցն է ճանապարհի մնացած հատվածի պատվիրատուն։ Ուշագրավ է, որ 6,3 կմ ճանապարհը կառուցել է «նախկինների» հետ ասոցացվող, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի ղեկավար Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇԸ» ՉԵՂԱՐԿԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացանք, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը՝ Դիլիջան համայնքի եւ իր միջեւ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին հասցեում գտնվող 66.54415 (վաթսունվեց ամբողջ հիսունչորս հազար չորս հարյուր տասնհինգ) հա, 213.08421 (երկու հարյուր տասներեք ամբողջ, զրո ութ հազար չորս հարյուր քսանմեկ) հա, 68.66657 (վաթսունութ ամբողջ վաթսունվեց հազար վեց հարյուր հիսունյոթ) հա, 23.37504 (քսաներեք ամբողջ երեսունյոթ հազար հինգ հարյուր չորս) հա մակերեսներով հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու խնդրանքով։ Մարտի 27-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դ. Սարգսյանը որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի եւ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի միջեւ կնքված՝ հողամասերի վարձակալության 4 պայմանագրերը։ Վերոհիշյալ այդ չորս հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 371,5 հեկտար։ Ամենայն հավանականությամբ դրանք խոտհարքներ են, որովհետեւ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղում անասնապահական ֆերմա ունի, ցեղական կովեր է պահում։ Վարձակալության պայմանագրերի լուծարման հետեւանքով Դիլիջան համայնքը զրկվեց տարեկան միլիոնավոր դրամների վարձակալության վճարներից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























