Armenian text to speach

ԱՅՍՕՐ ԾԻԾԱՂԻ, ԶՎԱՐՃՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն գարնան երկրորդ ամսվա առաջին օրն է՝ ապրիլի մեկը։ Ապրիլի մեկին նշվում է մի շատ հետաքրքիր օր։ Առանց դրա կյանքն անհետաքրքիր կլիներ, անգույն կամ գորշ։ Ամբողջ աշխարհում նշվում է ծիծաղի օրը։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ կստացվեր, եթե չլիներ ծիծաղը. անհնար է, չէ՞։

 

Նախքան օրվան անդրադառնալը ArmLur.am-ը ներկայացնում է որոշ փաստեր ծիծաղի մասին։

Այսպիսով, ծիծաղը ոչ միայն հաճելի զգացողություն է, այլեւ այն ունի ֆիզիոլոգիական եւ հոգեբանական շատ օգուտներ։

Ծիծաղը թուլացնում է սթրեսը եւ նվազեցնում կորտիզոլի մակարդակը։ Ծիծաղն ամրացնում է իմունիտետը եւ խթանում է հակամարմինների արտադրությանը։ Ծիծաղը բարելավում է արյան շրջանառությունը՝ սրտին օգնելով ավելի առողջ մնալ։  Այս տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին եւ ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում եւ երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչեւ կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ» (April fools)։

Հայտնի է, որ 1539 թվականին մի ֆլամանդացի ազնվական կատակել է իր ծառաների հետ՝ նրանց տալով ապրիլմեկյան զվարճալի հանձնարարություններ։ Տոնի առաջին հիշատակումը թվագրված է 1686 թվականին, երբ Ջոն Օբրին հիշատակել է «Հիմարների տոնը»։ Տասը տարի անց մի քանի լոնդոնցիներ փորձել են զվարճացնել մարդկանց՝ հրավիրելով զվարճանալու Թաուերի «առյուծների լվացարանում»։

Գրեթե ամբողջ Եվրոպայում տարածված ապրիլի մեկին «խաբելու սովորույթի» ծագման մասին բազմաթիվ կարծիքներ կան, անգամ Հայաստանում։ Ոմանք խաբելու հանգամանքի մեջ տեսնում էին միայն ապրիլյան եղանակի փոփոխական լինելու ակնարկ։ Հին Գերմանիայում այդ սովորույթն անհայտ էր։

Հայաստանում առավել տարածված է խաբելու սովորությունը, ինչը շատերը վերագրում են կատակին։ Շատ ժամանակ սուտն այնքան համոզիչ է լինում, որ ուզած թե չուզած հավատում ես այդ ամենին եւ հայտնվում կա՛մ անհարմար իրավիճակում, կա՛մ զվարճալի։

Չնայած նրան, որ տոնին անդադար պետք է ուրախանալ, պետք է նաեւ հիշել, որ չափի զգացումը կորցնել էլ պետք չէ, որպեսզի սուտը չդառնա ճակատագրական։

Քանի որ տոնը հումորային է, ArmLur.am-ը ներկայացնում է նաեւ մի քանի ծիծաղաշարժ հումորներ, որոնք տարածված են նաեւ համացանցում։

Ինչպես նշեցինք սկզբում՝ ծիծաղի միջոցով կարելի է խուսափել որոշ հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրներից։ Կա մի հետաքրքիր թերապիա, որն անվանում են ծիծաղաթերապիա։

Իսկ ի՞նչ է դա. ծիծաղաթերապիայի մեթոդը հումորի օգնությամբ ստեղծում է դրական հոգեվիճակ, օգնում է մարդուն տեսնել եւ իր համար բացահայտել կյանքի տարբեր անհեթեթ իրավիճակներ, ինչը լավացնում է ինքնազգացողությունը (ֆիզիկական եւ զգացմունքային), մարդուն ուղղորդում է առավել բարձր մակարդակի խնդիրների լուծմանը, հոգեպես հարստացնում է, բարձրացնում է ճանաչողական պոտենցիալը։ Ծիծաղաթերապիան (կատակաթերապիա, հելոթերապիա) թերապեւտիկ հումորի տարբեր մասնագետների կողմից հումորիստական տեխնիկայի կիրառումն է, որի նպատակն է, որ հաճախորդն ավելի լավ հասկանա ինքն իրեն, իր կողմից դրսեւորած վարքագիծը, իր տրամադրությունը։

Ծիծաղի մասին անգամ գիտություն կա, որը կոչվում է հելոտոգոլիա։ Այս գիտությունը հիմնել է հոգեբան Ուիլյամ Ֆրայը, որն ուսումնասիրում է ծիծաղի ազդեցությունը առողջ մարդու վրա. գիտությունը ծագել է ԱՄՆ-ում՝ XX դարի 60-ական թվականներին՝ Սթենդֆորդի համալսարանում։

Հայտնի է, որ ծիծաղելիս մարդու մոտ աշխատում են մկանների 80 խումբ, օրգանիզմը հարստանում է թթվածնով, արտադրվում են էնդորֆիններ, սթրեսային հորմոնների մակարդակն իջնում է, հումորն օգնում է նաեւ իրադրության փոփոխությանն ու ինքնատիրապետման ամրապնդմանը:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 




Լրահոս