ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջերս հարցազրույցներից մեկում խոսել է հայկական ֆուտբոլի մասին ու պնդել, որ արհեստականորեն հավաքված այդ միավորը (խոսքն ազգային հավաքականի մասին է), պարտավոր չէ հաղթել, ու որ ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ուշադրություն դարձնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, կառուցի ակադեմիաներ, մարզադաշտեր եւ այլն։ Թորոսյանի այս հարցազրույցը խիստ զայրացրել է թե՛ ֆուտբոլային հանրությանը, թե՛ իշխանություններին։ Հատկապես ՔՊ-ի նիկոլապաշտ հատվածը խիստ բորբոքված է Թորոսյանի մտքերից, քանզի նրանք համարում են, որ ինչ-ինչ շահերից ելնելով՝ Թորոսյանը «պահում» է Մելիքբեկյանին, ով արդեն կորցրել է վստահությունը Կառավարությունում, ու նրան փոխարինող են փնտրում։ Փաշինյանին մոտ կանգնած կուսակցականները համարում են, որ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն են պատճառը, որ Թբիլիսիից վերադառնալիս աննկարագրելի վատ տրամադրություն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որ այս տարիների ընթացքում չարաշահել են նրա վստահությունը, անձնական հարցեր լուծել ու ոչինչ չեն արել իշխանությունների մատից փուշ հանելու համար, հակառակը՝ վատ ֆուտբոլի պատճառով կտրուկ աճել են հակաիշխանական տրամադրությունները, որոնք արտահայտվում են նաեւ ընտրությունների միջոցով։ Ստացվում է, որ Արսեն Թորոսյանը հերթական անգամ անում է քայլ իշխանությունների դեմ, ու դրա համար թերեւս պատճառներից մեկն այն է, որ ֆեդերացիայի դեպարտամենտներից մեկի ղեկավար պատահականորեն դարձել է իր ընկեր, նախկին ԲՀԿ-ական, Գագիկ Ծառուկյանի նախկին օգնական Նարեկ Վանեսյանը։ Հետաքրքրական է, որ Փաշինյանին հավատարիմ փոքրաթիվ անձինք նոր-նոր են սկսել հասկանալ, որ Հայաստանում Մելիքբեկյանի ու Նիկողոսյանի գլխավորությամբ հայկական ֆուտբոլն արդեն մի քանի տարի է գահավիժում է, ու դժվար չէր մեկ-մեկ բացել ու շեֆին զեկուցել, թե ինչ է կատարվում ԲԿՄԱ-ում, ինչ արդյունքներ են գրանցում տարբեր տարիքային հավաքականները, ու հիմա դեռ ուշ չէ հասկանալու, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմ գնալու ցանկություն ունեցող Մելիքբեկյանը, այնտեղ հայտնվելուց հետո, մեղմ ասած դիստանցվելու է Նիկոլից ու իր թիմից՝ այդտեղ հասնելու ճանապարհին հերթական անգամ օգտագործելով վերջինիս ռեսուրսն ըստ էության, թերեւս մի փոքր էլ նաիվությունը։
Հ.Գ հանուն արդարության պետք է նշել, որ Թորոսյանի հարցազրույցը հեռարձակվել է Հայաստան-Վրաստան խաղից առաջ, թե հիմա ինչ է մտածում Թորոսյանը, չկարողացանք պարզել:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը երեխայի է սպասում: Տեղեկացնենք, որ նա երկար տարիներ ամուսնացած է, բայց նոր պետք է ծնվի նրա առաջնեկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Արփինե Սարգսյանին համակարգում սկսել են խնայել, շատ չբարկացնել, քանի որ այնպիսի վիճակում է, որ պետք է ոչ միայն նախարարի, այլեւ նրա ծնվելիք բալիկի առողջության մասին մտածել: Եվ սա բավականին արտասովոր վիճակ է համակարգի համար: Բավական չէ, որ կին է ղեկավարում ուժային կառույցը, որը անսովոր էր համակարգի համար, հիմա էլ մայրիկ է դառնում, պետք է խնայել նրան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մայրական արձակուրդով պայմանավորված՝ ամիսներ անց Արփինե Սարգսյանը չի հաճախելու աշխատանքի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Արփինե Սարգսյանին փոխարինող փնտրի:
Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը: Նշենք, որ տրամադրվող սոցիալական աջակցությունը ապրիլի 1-ից գործելու է մասամբ: Արցախցիները հորդորում են՝ մինչև բնակարանով ժողովրդին ապահովելը, պետք է գործի 40+10 հազար դրամի աջակցությունը: Ինչպես նրանք են ասում՝ այն այս պահին այլընտրանք չունի:
Առաջարկվող բնակարանային ծրագրից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս դժգոհ են: ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրից արցախցիների դժգոհության մասին են փաստում անգամ ծրագրից օգտվողների և դիմողների թվերը. այսօրվա դրությամբ բռնի տեղահանված արցախցիներից հավաստագիր է ստացել շուրջ 3 տոկոսը, բնակարան է ձեռք բերել 0.2 տոկոսը:
Արցախցիները համարում են, որ պետության կողմից առաջարկվող բնակարանային ծրագիրը լավ արդյունք չի կարող ունենալ և նպաստելու է միայն արտագաղթին, կամ էլ հենց Հայաստանի ներսում է ներգաղթ տեղի ունենալու՝ գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք:
Մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպմանը Ազգային ժողով էր եկել նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն ԱԺ-ի իրարանցումից հետո ծնողները այդպես էլ ո՛չ լսել են նախարարի ձայնը, ո՛չ էլ տեսել են նիստերի դահլիճից հեռանալուց հետո նրա վերադարձը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նիստից առաջ Սրբուհի Գալյանը ասել էր, որ օրենք են քննարկելու, սակայն երբ ծնողները դահլիճում աղմուկ էին բարձրացրել ու Գեղամ Նազարյանին ԱԺ միջանցքում «հաթաթա էին տալիս», նախարար Գալյանը հուզված լքեց նիստերի դահլիճն ու այդպես էլ չվերադարձավ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողները ԱԺ-ում էին: Հանդիպումը թեժ անցավ, ու քննարկման ժամանակ ծնողները պահանջեցին, որ իրենց որդիների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար խորհրդարան ներկայանան Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել. սակայն նրանք անհետացան:























