Լրացավ Ավակովի վերջնագրի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է Ուկրաինայի ՆԳ նախարարի` երկրի հարավարևելյան շրջաններում բողոքի գործողությունների մասնակիցներին ներկայացված վերջնագրի ժամկետը:

Անցած չորեքշաբթի Ավակովը խոստացել էր 48 ժամվա ընթացքում կարգավորել իրադրությունը Լուգանսկում, Խարկովում և Դոնեցկում:

Տարածաշրջան են ուղարկվել բանակային զորամասեր և ռազմական տեխնիկա: Սակայն տեղացիները չեն հրաժարվում իրենց պահանջներից` ոմանք պահաջում են դաշնայնացմանն ուղղված հանրաքվե անցկացնել, իսկ ոմանք էլ` Ռուսաստանին միանալու:

Ինչպես տեղեկացնում է «Россия 24» հեռուստաընկերությունը, Լուգանսկում ավելացել է ավելի վաղ գրավված Անվտանգության ծառայության վարչության շենքի պաշտպանների թիվը, ցուցարարները շրջափակել են նաև ՆԳ զորքերի կայանը:

Հնարավոր գրոհի են նախապատրաստվում նաև Դոնեցկում, որտեղ ցուցարարները վերահսկում են մարզային վարչության շենքը, հայտարարել են սեփական բանակի ստեղծման մասին: Դոնեցկում և Դնեպրոպետրովսկում այսօր սպասում են երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին: Դոնեցկում, Լուգանսկի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժսկի մարզերում կառավարության ղեկավարը խորհրդակցություններ կանցկացնի պետական մարմինների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:




Լրահոս