Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները շունչները պահած սպասում էին, թե ինչ անուն է հրապարակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, որը տեղի ունեցավ երեկ: Սակայն «սերիալն» ընդմիջվեց ամենակարևոր պահին:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, առանց հիմնավոր, հոդաբաշխ բացատրության, հայտնեց, թե երկուշաբթի օրը նոր կորոշվի ՀՀ ապագա վարչապետի անունը:
Ինչո՞ւ հետաձգվեց այդ որոշումը: Փորձենք տրամաբանել՝ հենվելով իշխանական խողովակներից armlur.am-ին հասած տեղեկությունների վրա:
Այն, որ իշխանական թևում վարչապետի հիմնական թեկնածուն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, այլևս աներկբա է: Իսկ ինչո՞ւ հենց նա: Պատճառը ոչ թե այն է, որ Աբրահամյանն անփոխարինելի գործիչ է, այլ նա ունի ընդամենը մեկ հմայք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ասել է թե՝ Հովիկ Աբրահամյանի առավելությունն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է, որը վերջին շրջանում սկսել է անհարմարություններ պատճառել Սերժ Սարգսյանին: Այսօր Սարգսյանը ռեալ վտանգ է տեսնում, որ Ծառուկյանը սկսել է «հրաշալի քառյակի» անվան տակ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանի դուդուկի տակ պարել՝ փորձելով իշխանությունն ամբողջությամբ վերցնել:
«Հովի՛կ, քեզ վարչապետ եմ նշանակում, բայց պիտի այլևս «Բարգավաճի» ձայնը չլսեմ». armlur.am-ի տեղեկություններով մոտավորապես այսպիսի պահանջ է Սերժ Սարգսյանը դրել Հովիկ Աբրահամյանի առջև: Համենայն դեպս, Աբրահամյանն իր թիմակիցներին այսպիսի բացատրություն է տվել՝ ասելով, որ խնդիր ունի լուծելու մինչև հաջորդ շաբաթ:
Ահա թե ինչու է վարչապետի հարցը մինչև երկուշաբթի օրը հետաձգվել. այս ընթացքում կա՛մ պետք է Աբրահամյանը լուծի իր խնամու հարցերը, որպեսզի հրաժարվի վճռական ու արմատական գործողություններից՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության, կա՛մ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալու հարցը կմնա օդում կախված: Եթե չհաջողվի, չի բացառվում՝ միանգամայն այլ թեկնածու ի հայտ գա՝ նաև դրսից:
Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի մանկության երազանքը՝ վարչապետի աթոռին նստելու մասով, ժամանակավորապես հետաձգվում է: Նրա ճակատագիրը խնամի Ծառուկյանի ձեռքում է:
Թամարա Միքայելյան