Armenian text to speach

Ի՞նչ պատրաստել պահքի շրջանում․ բուսական ուտեստների մի քանի տարբերակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը՝ Մեծ պահքը մարտի 26-ից սկսվել է։

Ինչպես հայտնի է բոլորին պահոց շրջանում պետք է հրաժարվել վատ սովորություններից, մեղքեր գործելուց, շատախոսությունից և անգամ կենդանական ուտեստներից, քանի որ պահոց շրջանն ինքնին ինքնամաքրման, Աստծուն առավել մոտ գտնվելու շրջան է։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ կարելի է պատրաստել պահոց շրջանում, որպիսի և՛ համեղ ստացվի, և՛օգտակար։

Երևի թե սկսենք այն հանգամանքից, որ հայերը հնում պահքի ընթացքում պատրաստել են պասային տոլմա՝ պասուց տոլմա, որը մինչ օրս պատրաստվում է։

Ի՞նչ է դա իրենից ներկայացնում․

Պասուց տոլման չափսերով ավելի մեծ է սովորական տոլմայից և միջուկը նույնպես այլ է։ Միջուկը բաղկացած է տարբեր հատիկեղեններից՝ խոշոր բլղուր, սիսեռ, լոբի, ոսպ, սոխ, լոլիկի խյուս, չորացված և թարմ տարատեսակ կանաչեղեն, բուսական ձեթ և համեմունքներ։ Շատերն ավելացնում են նաև թթվաշ սալորաչիր։ Սովորական կաղամբի փոխարեն փահքային տոլման փաթաթում են թթու կաղամբով։ Սա հրաշալի տարբերակ է պահքի ընթացքում պատրաստելու և ուտելու։

Նշենք, որ կա նաև տոլմայի մի տեսակ, որը պատրաստվում է խաղողի տերևներից և սովորական բրնձից, որը նույնպես համեմում են կանաչեղենով և համեմունքներով։

Ընդհանուր առմամբ հայկական խոհանոցում կան ուտեստների հրաշալի տարբերակներ, որոնք հարմար են պահքի ժամանակ օգտագործելու համար։

Օրինակ կարելի է պատրաստել նաև ավելուկ, որի համար երկու տարբերակ կա․ կա՛մ ապուր, կամ աղցանային տարբերակով։

Ապուրը բավականին հետաքրքիր համային «գունապնակ» ունի։ Այն պատրաստվում է ավելուկով, կարտոֆիլով, լոբով, ոսպով, սոխերածով և թթվաշ սալորաչրով։ Ճաշի ամբողջ «գունապնակը» հենց սալորաչիրն է, որը յուրահատուկ համ է հաղորդում ճաշին։

Իսկ ինչը վերաբերում է ավելուկով աղցանին, ապա այն ամենահեշտ պատրաստվող աղցաններից մեկն է։ Աղցանը պատրաստելու համար նախօորոք պետք է ավելուկը թողնել ջրի մեջ, որպեսզի դառը համը վերանա, ապա հաջորդ օրը խաշել, կտրատել, ավելացնել բուսական յուղ, նռան հատիկներ, սխտոր և ընկույզ։

Պահքի ընթացքում կարելի է պատրաստել տարատեսակ կոտլետներ առանց 1 գրամ մսի։ Կոտլետները կարելի է պատրաստել ոսպից, հնդկաձավարից, դդմիկից, կարտոֆիլից և այլ հատիկեղեններից ու բանջարեղեններից։ Ամեն բան հեշտ է, բաղադրատոմսը նույնն է, ինչ սովորական կոտլետինը, միայն մսի փոխարեն պետք է օգտագործել նշվածներից որևէ մեկը խաշած և աղացած վիճակում։

Գրիլ արված բանջարեղենները ևս հարմար տարբերակ են, քանի որ և՛ օգտակար են, և՛ համահունչ պահքին։

Եթե դուք կաթի սիրահար եք, սակայն պահքի մեջ եք, ապա կարող եք օգտագործել սոյայի կամ նշի կաթ։ Դրանք կարող եք համադրել նաև մրգային սմուզիներում։

Արցախյան խոհանոցի զարդերից մեկը՝ ժենգյալով հացը ևս լավ տարբերակ է պահքի ընթացքում օգտագործելու համար։

Առաջնահերթ պետք է հիշել, որ պահքը սնվելու մասին չէ միայն։ Առաջնահերթ պահքը պետք է կրի հոգևոր բնույթ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս