«Դեմ եմ»-ը պատասխանում է դատախազությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպառնալիքներով եւ բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաեւ խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաեւ միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Դեմ եմ» նախաձեռնությունը:

Նրանք հիշեցրել են, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում: «Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա Հանրապետությունում, որոնցով ՀՀ Գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը եւ այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել): ՀՀ Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաեւ 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատման վտանգի հարցը»,- ասված է «Դեմ եմ»-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նախաձեռնություն մեջբերել է «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից հետեւյալ հատվածը. «Ճնշմանը եւ բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին եւ գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի եւ նպատակահարմար ձեւը քաղաքացիական անհնազանդությունն է:

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…»:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՝ անդրադառնալով ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետեւանքով ճանապարհը փակելու փաստին:

«2014 թվականի ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների  նստացույցի հետեւանքով, տեւական ժամանակով փակվել էր Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան  եւ հարակից փողոցների երթեւեկությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»:




Լրահոս