Երեխաների ստեղծագործությունները` արվեստի գլուխգործոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1994-ին` 35 ամյա մանկավարժական գործունեությունից հետո երաժշտագետ, դաշնակահարուհի, արտ-թերապիայի մասնագետ Արմենուհի Մարտիրոսյանը Երևանում հիմնեց «Ծիլ Բուսաց՚» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան և գեղագիտական կենտրոնը:

Դեռ այն ժամանակ կանխատեսելով ապագա սերունդների «ռոբոտիզացումն» ու համաշխարհային արժեքների անկումը` Ա. Մարտիրոսյանը ստանձնեց պարտականություն` Հայաստանում օգնել սերունդներին չհեռանալ իրենց արմատներից:

Կենտրոնում սովորում են 3-14 տարեկան երեխաների խմբեր, որոնցից յուրաքանչյուրը իր տարիքին համապատասխան լսում է հեքիաթներ, լեգենդներ ու պատմություններ, ունկնդրում դասական երաժշտություն, ծանոթանում տարբեր մշակույթների հետ:

Ամեն անգամ բազմակողմանի ինֆորմացիա ստանալով` «Ծիլ Բուսաց»-ի սաները գալիս է ստեղծագործական մի վիճակի, որ պահանջ է առաջանում ներքին վերապրումները գույների միջոցով հանձնել թղթին:

Ասվածի վառ ապացույցը ոչ միայն նկարներն են, որոնք մասնագետները համարում են արվեստի գլուխգործոցներ, այլև Փարաջանովի ոճով ստեղծված կոլաժները և թատերական ներկայացումները:

«Մենք պրոբլեմ ունենք հիմա և էտ պրոբլեմը պետք է հաղթահարել միայն ու միայն երեխաների և արվեստի միջոցով, եթե մենք հիմա երեխաներին ճիշտ չդաստիարակենք, ապա 20 տարի հետո կունենանք մի սերունդ, որը չի ուզելու ո’չ հայրենիքը պաշտպանի, ո’չ ծնողին, ո’չ էլ մեր քրիստոնական արժեքները` արդարություն, սեր, բարություն, հարգանք»- ասում է Ա. Մարտրոսյանը:

Վերջինիս հատուկ մեթոդով մշակված դասընթացների արդյունավետությունն են փաստում նաև կենտրոնում սովորող տարբեր խնդիրներ ունեցող (հիպերակտիվ, աուտիկ) երեխաների աշխատանքները:

Ոչ ընդարձակ տարածքի պատճառով կենտրոնն այսօր չի կարողանում ընդունել բոլոր դիմողներին, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանում ամառային արձակուրդն անցկացնող սփյուռքահայ երեխաներին: Այժմ կենտրոնի հիմնադիր Ա. Մարտիրոսյանը նպատակ ունի ստեղծել մասնաճյուղը Լոռվա մարզի Դսեղ գյուղում և լիահույս է, որ այն կնպաստի փորձի փոխանակմանը թե մարզում, թե տարբեր երկրներում հայ և արտասահմանյան մանկավարժների միջև: Չունենալով համապատասխան ֆինանսական աջակցություն` այս ծրագիրը առայժմ մնում է թղթի վրա:

Նշենք, որ կենտրոնի մեթոդիկան ցուցահանդեսների, սեմինարների միջոցով ներկայացվել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Կիպրոսում, Պարսկաստանում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում` արժանանալով առանձնահատուկ ուշադրության: Շուտովՙ Ծիլ Բուսաց՚-ը կնշի իր 20 ամյակը, իսկ այդ առիթով առաջիկայում ևս նախատեսվում են մեծ և փոքր ցուցահանդեսներ և ներկայացումներ:

Էլիզա Զախարյան




Լրահոս