Կիրակի օրը Գյումրիում եւ Փարաքարում ՏԻՄ ընտրություններ էին։ Փարաքարում հաղթեց «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը՝ ՔՊ-ի եւ հարակից ուժերի նկատմամբ տանելով համոզիչ, տպավորիչ եւ վերջնական հաղթանակ։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են ՔՊ-ում պարտությունից հետո։
-Տիկի՛ն Հակոբյան, արդեն ամփոփվել են 2 համայնքապետերի ընտրությունները Գյումրիում եւ Փարաքարում, եւ հստակ է, որ Փարաքարն ունի ընդդիմադիր համայնքապետ՝ Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։ Գյումրիում ընդդիմադիր ուժերը փորձում են միավորվել։ Վերլուծեցի՞ք այս ժամանակահատվածում, թե ինչ տեղի ունեցավ, ի վերջո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2 համայնքում էլ պարտվեց։
-Գյումրիում ՔՊ-ն հավաքել է կրկնակի ավելի ձայներ, քան երկրորդ տեղում գտնվող Վարդան Ղուկասյանը։ Սրանից եզրակացնել, որ ՔՊ-ն պարտվել է, համաձայն չեմ։ Երեք ուժերը միասին վերցրած այնքան ձայն չեն հավաքել, ինչքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս իրավիճակում եւս ՔՊ-ն չի պարտվել։
Այլ բան է, որ այդ բոլոր ընդդիմադիրները, ինչպես կանխատեսում էին՝ ձայն փախցնելով էին զբաղված այս ընթացքում. խայծը կուլ տվեցին եւ ընտրեցին այլընտրանք։
-Տիկին Հակոբյան, Դուք չե՞ք ընդունում, որ պարտվել եք։
-Ես կընդունեի, որ պարտվել ենք, եթե մենք հավաքեինք ավելի քիչ ձայն, քան ցանկացած այլ ուժ. այ դա կլիներ պարտություն։
-Բայց չեք կարողանում պաշտոնավարել. այս մասին ի՞նչ կասեք։
-Եթե մենք չկարողանայինք ապահովել արդար թափանցիկ ընտրություններ, մարդիկ չէին կարողանա իրենց ազատ կամքն արտահայտել ընտրությունների ֆոնին։ Մենք նաեւ կենտրոնական իշխանություն ենք եւ կազմակերպման համար պատասխանատվություն ենք կրում։ Փարաքարում իրավիճակն այլ է, սակայն այստեղ եւս ես ուզում եմ սպասել մինչ ավագանու նիստը հաստատվի։
-Նիկոլ Փաշինյանը միշտ նշել է, որ հենց ինքը հասկանա, որ ժողովուրդն իրեն ձայն չի տալիս, կհեռանա։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես ասում եմ, որ մենք կարողացել ենք ապահովել արդար ընտրություններ։ Այսինքն՝ մեզ համար ընտրությունների արդյունքներն ընդունելի են, որովհետեւ դա քաղաքացիների ձայնն է։ Մենք ապահովել ենք, որ մարդիկ կարողանան 30 տարվա մեջ ազատ ընտրություն կատարել։ Սակայն ՏԻՄ ընտրությունները մի փոքր այլ կերպ են կազմակերպվում։ Հիմա պետք է սպասենք նիստ լինի, որից հետո կհասկանանք, թե ով է քաղաքապետը։
-Իսկ սա նշան չէ՞, որ որեւէ քաղաքական ուժ չի ցանկանում ՔՊ-ի հետ գործ ունենալ։ Բոլորը հայտարարում են, որ իրենք կմիանան ցանկացած ուժի՝ բացի ՔՊ-ից։ Սա չի՞ նշանակում, որ բոլորը մերժում են ՔՊ-ին։
-Ես այլ դեպքեր գիտեմ այդ հայտարարություններից առաջ եւ հետո, թե ինչպես են մարդիկ դիրքավորվել, բայց ճիշտ չեմ համարում դրա մասին բարձրաձայնել։ Ինչեւէ սա հանրային խոսք է եւ քաղաքականություն, այնպես որ պոպուլյար է լինել իշխանությանը դեմ։
-Ո՞նց է պատրաստվում ՔՊ-ն Գյումրիում դիրքավորվել։ Ունե՞ք դիրքորոշում, թե ինչ եք անելու։ Օրինակ, եթե Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, ի՞նչ է անելու «Քաղաքացիական պայմանագիրը»։
-ՔՊ-ն տեր է կանգնելու իր ձայներին, որ տվել են քաղաքացիները, իրականացնելու է իր ծրագրերը եւ աշխատելու է։ Սա ժողովրդավարական երկիր է, եւ նորմալ է, որ ՏԻՄ-երում ընդդիմադիր քաղաքապետեր լինեն։
-Ի՞նչ տրամադրվածություններ կան ՔՊ-ում։ Կային մարդիկ, որոնք շատ տխուր էին, այլ արդյունքների էին սպասում։ Այս պահին ի՞նչ իրավիճակ է։
-Սա քաղաքականություն է, բնական է, որ ուժերը մասնակցում են հաղթելու համար, ոչ թե բարոյական հաղթանակի: Բոլորն էլ ծրագրեր, նպատակներ ունեն ու բնական է՝ ուզում են հաղթել։ Եվ հասկանալի է, որ սպասելիքները չարդարացված տեսնելու դեպքում հնարավոր է թեկնածուն տխրի, բայց պիտի ընդունի ու հասկանա՝ իր սխալները որոնք են եղել։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔՊ-Ն ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐԻ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբեր ամսվա վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նոր անդամներ ընտրելու։
ArmLur.am-ի՝ իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխել։ Սա է պատճառը, որ երեկ պատգամավորական մանդատից հրաժարված Վիլեն Գաբրիելյանը պատրաստվում է որպես վարչության անդամ ինքնառաջադրվել։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, որը սկանդալային ավարտ ունեցավ, քանի որ ՔՊ-ն իր ներսում կեղծել էր վարչության ընտրությունները։
Նշենք նաեւ, թե ինչպես էր ամեն բան տեղի ունեցել։
ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատում է այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել: Ու միայն վերահաշվարկ իրականացնելիս ՔՊ-ն հրապարակեց իր վարչության 15 նոր անդամներին:
- Փաշինյան Նիկոլ
- Պապիկյան Սուրեն
- Ռուբինյան Ռուբեն
- Ավինյան Տիգրան
- Պապոյան Գեւորգ
- Միքայելյան Սասուն
- Հարությունյան Արայիկ
- Դավոյան Արփինե
- Սանոսյան Գնել
- Ալեքսանյան Վահագն
- Սիմոնյան Ալեն
- Հակոբյան Վաղարշակ
- Փամբուխչյան Արմեն
- Թորոսյան Արսեն
- Պետրոսյան Ռոմանոս։
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ























