Armenian text to speach

«ՆՐԱՆՔ ԴԱՎԱՃԱՆ ԷԻՆ, ԴՈ՞ՒՔ ԻՆՉՈՒ ԼՌԵՑԻՔ». ԱՐՑԱԽՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 29-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացավ արցախահայության մեծ հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների: Հանրահավաքը նախաձեռնել էին «Հանուն Արցախի» Միավորման խորհրդի եւ Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը»:

 

Հանրահավաքից անմիջապես հետո հավաքի նախաձեռնողները Ազատության հրապարակում նստացույց են սկսել:

Նրանց պահանջը հստակ է.

  1. Ապահովել արցախահայության Արցախ հավաքական վերադարձի իրավունքը,
  2. Ապահովել Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձը,
  3. Տեղահանված արցախցիների սոցիալական հրատապ խնդիրների լուծում, ներառյալ՝ բնակարանային ապահովման ու զբաղվածության աջակցության ծրագրերի արժանապատիվ ու արդյունավետ իրականացում,
  4. Արցախի հայկական մշակութային ժառանգության եւ մասնավոր ու հանրային սեփականության պահպանության երաշխավորում։

Մեզ հետ զրույցում «Հանուն Արցախի» Միավորման խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը նշեց, որ նստացույցը տեւելու է մեկ շաբաթ, որից հետո հանդես են գալու նոր նախաձեռնություններով եւ կրկին հանրահավաքով:

«Մարտի 29-ից այստեղ ենք, ունենք մեր հստակ պահանջները, որից առաջնային է արցախահայության Արցախ հավաքական վերադարձը: Այն այսօր էլ հնարավոր է, քանի որ աշխարհը դեռ խոսում է մեր վերադարձի իրավունքից: Տեսանք Գերմանիայի կողմից անդրադարձը մեր խնդիրներին ու իրավունքներին, այն էլ Արցախի դրոշի ֆոնին: Կարծում եմ՝ սա շատ բանի մասին է խոսում»:

Մեր այն հարցին, թե ինչպես է հնարավոր իրագործել Արցախ վերադարձը՝ մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող տարբերակներին:

«Որեւէ կերպ չպետք է թողնենք, որ լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այն այսօր միակ հավանական համագործակցությունն է, որ կարող է ապահովել մեր հավաքական վերադարձը: Այսօր խոսվում է Խաղաղության պայմանագրի մասին, որը որեւէ կերպ մեզ խաղաղություն չի բերելու: Ադրբեջանի՞ հետ խաղաղություն: Անհնար է»:

Անդրադառնալով արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցությանը, որն ապրիլի մեկից գործելու է ոչ բոլորի համար եւ ոչ 50 հազարի դրամի չափով՝ Ավանեսյանը նշեց. «Բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք սոցիալական խնդիրների մասին: Աջակցության դադարեցումը մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում արցախցիներին: Ասում են՝ նպատակը բնակարանային ծրագրից օգտվելն է: Ինչպե՞ս օգտվենք բնակարանային ծրագրից, ո՞րն է դրա գինը: Արցախի անձնագրից հրաժարվե՞լը: Եթե հրաժարվենք եւ օգտվենք բնակարանային ծրագրից եւ ընտանիքի անդամներից մեկը տասը տարվա ընթացքում երկրից գնա, ապա տունը դառնալու է պետության սեփականությունը: Ոչ մեկը մտահոգված չէ ժողովրդի խնդիրներով: Քանի օր է՝ այստեղ նստացույց ենք իրականացնում, բայց գործող իշխանությունից մեկ հոգի անգամ չի մոտեցել մեզ»:

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանն էլ ասում է, որ արցախահայությունը պետք է միասնական լինի եւ պարբերաբար բարձրաձայնի իրենց խնդիրների մասին, այլապես այս իշխանությունը որեւէ  կերպ չի հոգալու:

«Մի իշխանություն, որ հանձնեց Արցախը, Արցախի ղեկավարներին, ինչպե՞ս կարող է մտահոգված լինել տվյալ ժողովրդի իրավունքով, սոցիալ-կենցաղային պայմաններով: Մենք պետք է միասնական լինենք, համախմբվենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Այս իշխանությունը չի հոգալու մեր մասին, եթե հոգար, սրտացավ լիներ, ապա մենք այսօր այս հրապարակում չէինք լինի: Հիմա խաղաղության են ուզում հաստատել Ադրբեջանի հետ: Ո՞ւմ են ուզում խաբել, մե՞զ, թե՞ իրենք իրենց: Տեսնում ենք վերջին շրջանում Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, ապա կեղծ լուրեր տարածում, թե հայկական կողմն է կրակ արձակել: Սա ի՞նչ է նշանակում: Բոլորիս էլ պարզ է չէ՞, որ պատերազմ են հրահրում, որ թշնամին խաղաղություն չի ուզում: Պայմանագիր է կնքում միայն պահանջներ կատարելով, բայց այնտեղ մենք գերիներ ունենք, Ջերմուկում կորցրած տարածքներ ունենք, արցախահայության վերադարձի իրավունք, վերջապես Արցախի հարց ունենք, ինչո՞ւ այս մասին չի բարձրաձայնվում: Իմ եղբայրն էլ Բաքվում գերի է պահվում եւ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ես ինչպե՞ս ընդունեմ այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածը»,- ասաց Անաստաս Իսրայելյանը:

Ի՞նչ ելքեր է առաջարկում Անաստաս Իսրայելյանը՝ որպես քաղաքական-հասարակական գործիչ. ասաց հետեւյալը. «Այս իշխանությունը պետք է հեռանա: Մենք էլ, որպես այս ազգի ներկայացուցիչ, պետք է համախմբվենք եւ գործենք: Վաղը մենք սերունդ ենք ունենալու, որոնք գնահատելու են թե՛ մեզ, թե՛ այսօրվա իշխանությանը: Եթե չգործենք, մեր սերունդը մեզ հարց է տալու. «նրանք դավաճան էին, դուք ինչո՞ւ լռեցիք»:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԳԱԼԻ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերի զգալի աճ է արձանագրվել։

Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Նախորդ տարվա 630 դեպքի փոխարեն 2024 թվականին գրանցվել է 788 դեպք՝ աճը կազմել է 158 դեպք կամ 25,1 տոկոս։

Աճ է գրանցվել նաեւ հանցատեսակի բացահայտման ցուցանիշում՝ 2023 թվականի 1,7 տոկոսից հասնելով 2,5 տոկոսի։ Դեպքերի կեսից ավելին՝ 428-ը կամ 54,3 տոկոսը, արձանագրվել է Երեւան քաղաքում, որտեղ ցուցանիշն աճել է 47-ով կամ 12,3 տոկոսով։

Դատախազության գնահատմամբ՝ համակարգչային հափշտակությունների աճը պայմանավորված է մի քանի գործոններով՝ համակարգչային տեխնոլոգիաների եւ ծրագրերի արագ զարգացում, ֆինանսական ծառայությունների թվայնացում ու նորարարությունների ներդրում, անվտանգության թերություններ՝ ծրագրերում եւ բանկային վերահսկողական համակարգերում, քաղաքացիների կողմից բանկային քարտերի վավերապայմանների պահպանման կանոնների անտեղյակություն կամ անտեսում։

Նշվում է, որ համակարգչային հափշտակությունների մեծ մասը բազմադրվագ վարույթներ են. 2024 թվականին դատարան ուղարկված մեկ քրեական վարույթ ներառել է 7882 դրվագ, մեկ այլ՝ 1404 դրվագ, եւս մեկ վարույթ՝ 712 դրվագ։

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով որոնողափրկարարական աշխատանքների տվյալները։

Նախկինում հայտարարվել էր ավելի քան 2,000 զոհվածի թիվը։ Ինչպես նշվում է, մինչ օրս հայտնաբերվել է 2,719 դի։ Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել։

Անցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարեւան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։

Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400 մարդ վիրավորվել է, եւս 300-ը՝ անհետ կորել։

 




Լրահոս