Դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին մանկուց է ոգեշնչել պարսից մեծ գրող Ֆիրդուսիի «Ռոստամ եւ Սոհրաբ» ստեղծագործությունը։ Մտորել է այն օպերայի վերածելու մասին եւ գաղափարը կարողացել է իրագործել 1960-ականներին։ Հեղինակը գրել է օպերայի ութ տարբերակ։ Ասում է՝ ստեղծագործական փուլը երկար է տեւել, քանի որ ցանկացել է, որ այն լիարժեք ներկայացնի պարսկական հոգեբանությունն ու մշակույթը։
Օպերան կատարվել է աշխարհի տարբեր երկրներում, սակայն չի բեմադրվել։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ այն բեմադրվեց եւ արվեստասերներին ներկայացվեց մարտի 31-ին։ Դուրգարյանի հրավերով բեմադրության ընթացքին ներկա լինելու համար Հայաստան է ժամանել Լորիս Ճգնավորյանը։ Նա դահլիճում նստած համեստաբար հետեւում էր առաջնախաղին եւ միայն թատրոնի տնօրինության խնդրանքով ներկայացման ավարտից հետո բարձրացավ բեմ ու վայելեց բուռն ծափահարություններն ու «բրավո» վանկարկումները։
Մինչ ներկայացման սկիզբը Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել առաջնախաղին։ «Այսօր Իրանի եւ Հայաստանի մշակութային հարաբերությունների համար պատմական օր է։ Ես եկել եմ այստեղ իմ հատուկ շնորհակալությունը հայտնելու մաեստրո Լորիս Ճգնավորյանին, սակայն նա իմ շնորհավորական կամ շնորհակալական խոսքի կարիքը չունի, քանի որ անցել է նվաճումների տարբեր փուլերով ու շատ ձեռքբերումներ ունի։ Մաեստրո Ճգնավորյանն Իրանի եւ Հայաստանի, Իրանի եւ աշխարհի միջեւ մշակութային կամուրջ է ստեղծել։ Նա միայն իրանցի եւ հայ ժողովդին չի պատկանում, պատկանում է ամբողջ աշխարհին, եթե ես քաղաքականության ոլորտում եմ դեսպան, ապա Լորիս Ճգնավորյանը մշակույթի եւ խաղաղության դեսպանն է աշխարհում։ Նա մեր պարծանքն է, եւ ես շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ներկա լինել «Ռոստամ եւ Սոհրաբ» օպերայի առաջնախաղին»,-ասել է Սոբհանին՝ առողջություն եւ հաջողություններ մաղթելով Ճգնավորյանին։
Ելույթի վերջում դեսպանը հայերեն շեշտեց. «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»։
Ներկայացման ռեժիսորը, պարուսույցը, զգեստների եւ բեմադրող նկարիչն իրանցի Յարթա Յարանին է։ Նա հոր եւ որդու՝ Ռոստամի եւ Սոհրաբի ողբերգական պատմությունը փոխանցել է բեմադրական մինիմալիստական, սակայն ինքնատիպ, անսովոր լուծումներով՝ պահպանելով պատմության զգայականությունը։ Օպերայում Ռոստամի դերը կերտեց Արման Առաքելյանը, Սոհրաբին մարմնավորեց ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, Թահմինեի դերում Լուսինե Մակարյանն էր, Ֆիրդուսիի կերպարում Ռոման Խնկոյանն էր, Հումանիի դերերգով հանդես եկավ Ռոլանդ Սոֆոյանը, Հովհաննես Ներսեսյանը Աֆրասիաբի դերում էր, Գոշ Սարգսյանը՝ Սամանգանի արքայի, ներկայացումը ղեկավարեց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտսիտ Կարեն Դուրգարյանը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԿՍՐԲԱԴԱՍՎԻ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։ Այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը եւ վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը եւ աղքատներին։ Այս որոշումը Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայացրել է մարտի 28-ին։
Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին, ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմմաու վանքի կղերական միաբանություն եւ ձեռնադրվել է 1896 թվականին՝ ստանալով Իգնատիուս անունը։
Նա Ալեքսանդրիայում փայլել է իր քարոզներով ինչպես արաբերենով, այնպես էլ թուրքերենով։ Այնուհետեւ նշանակվել է Կահիրեի Պատրիարքական փոխանորդ, բայց հաջորդ տարի վերադարձել է Ալեքսանդիա՝ տեսողական խնդիրների պատճառով։ 1911 թվականին նշանակվել է Մարդինի Պատրիարքական Փոխանորդ։ Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ եւ բերվել դատարան: Երբ նրան ասել են, որ կյանքը կարող են խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»:
Դրանից հետո նրան խոշտանգել են եւ կարճ ժամանակ անց մահապատժի են ենթարկել։ Նա երանելի է հռչակվել է Սուրբ Հովհաննես Պողոս II պապի կողմից 2001 թվականին։
ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ԳՆԵԼ Է ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ
Մարկ Ցուկերբերգը գնել է այն մարզաշապիկը, որը Ջեսի Այզենբերգը կրել է «սոցիալական ցանց» ֆիլմում։ Մարկ Ցուկերբերգը պատմել է, որ մարզաշապիկ ունի, որը կրել է Ջեսի Այզենբերգը, երբ խաղացել է 2010թ. «Սոցիալական ցանց» ֆիլմում։ Տեսահարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ում, Ցուկերբերգին կարելի է տեսնել կապույտ մարզաշապիկով՝ «Ardsley Athletic» մակագրությամբ։ «Ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, բայց այժմ դուք այն մարզաշապիկով եք, որը Ջեսի Այզենբերգը կրում է ֆիլմո՞ւմ, երբ Էդուարդոն գալիս է տուն Փալո-Ալտո»,- հարցրել է հաղորդավար Սամիր Չաուդրին Meta-ի գլխավոր տնօրենին։ «Ճի՞շտ է»։ «Այո, ճիշտ է»,- ասել է Ցուկերբերգը։ «Իմ ընկերներից մեկն այն տեսել էր օնլայն-աճուրդում եւ ասել. «Դու պետք է գնես այն»։ Ես պատասխանեցի. «Լավ, այո, իհարկե, կգնեմ»։
Հետո Չաուդրին ճշտել է. «Սպասիր, սա ուրեմն այն մարզաշապիկ՞ն է», ինչին Ցուկերբերգըը պատասխանել է. «Այո, դա այդ մարզաշապիկն է։ Դե, հիմա սա իմ մարզաշապիկն է։ Բայց դա նրա նրա մարզաշապիկն էր»։ Այն աճուրդի էր հանվել PropstoreAuction-ում, եւ, կայքի համաձայն, հաղթող դրույքը կազմում էր 2 000-4 000 դոլար։



















































































