Armenian text to speach

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարի լրանում է Ապրիլյան քառօրյա պատերամի 9-րդ տարելիցը։ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանը շփման գծում խախտեց հրադադարը։ Շուրջ 4 օր արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, լայնամաշտաբ ռազմական գործողություններ տեղի ունեցան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ։ Թեեւ պատերազմը նշվում է, որ տեւել է 4 օր եւ կոչվում է «Քառօրյա», այնուամենայնիվ զինվորականները փաստում են, որ ակտիվ ռազմական գործողությունները տեւել են մինչեւ ապրիլի վերջ։ Քառօրյա պատերազմի ժամանակ առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Այս երկու ուղղությունների թիրախավորման նպատակը, ըստ ռազմական փորձագետների, մեկն էր՝ ճեղքել եւ երկու մասին բաժանել Արցախը։

 

Հայկական զինված ուժերի եւ քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր։ Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ հայկական կողմից զոհվել է ավելի քան 100 մարդ։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ եւ ավելի քան 500 վիրավոր։

Ադրբեջանական կողմի մարդկային կորուստների մասին թվերը եւս հակասական են։ Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանն ունեցել է ավելի քան 1000 զոհ եւ շուրջ 2000 վիրավոր։ Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետեւանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնցից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչեւ 93 սպանված զինծառայող։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսեցին խոսակցություններ տարածքային կորուստների մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարություններն իրարամերժ էին։

2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ մարտերի հետեւանքով հայկական կողմը կորցրել է 800 հեկտար տարածք։ Ադրբեջանական կողմն էլ իր հերթին պնդում է, որ հայկական կողմի տարածքային կորուստները կազմում են ավելի քան 2000 հեկտար, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության ներքո է անցել մարտական նշանակության ընդարձակ տարածք։

Պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես եկան դատապարտող հայտարարություններով, նշելով, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում ունենալ չի կարող։

Տարիներ անց, վերհիշելով քառօրյա պատերազմը, ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Քառօրյայի ժամանակ անմիջապես մեկնեցի ռազմաճակատ՝ Լելե Թեփե։ Ականատեսի աչքերով կարող եմ ասել, որ այնտեղ մի մեծ «բարդակ» էր, որովհետեւ որեւէ ձեւ չէր համապատասխանում մեր ժամանակների սպառազինությանը։ Սակայն այդ ամենը կարեւոր չէ, քանի որ պատերազմի ելքը ոչ մի անգամ չի վճռում զենքը, զենքի տեսակը, մարդկանց թիվը, այլ վճռում է պատերազմում կազմակերպված լինելը, մարդկանց կազմակերպվածությունը։ Ես այնտեղ տեսա որոշում չկայացնող գումարտակի հրամանատարի, ինչը սարսափելի էր»,- պատմում է Բադասյանը։

Մեր զրուցակիցը համոզված է, որ Ապրիլյան պատերազմն իր անդառնալի հետեւանքներն է թողել այսօրվա իրավիճակի վրա։

«Քառօրյա պատերազմը «փառք» է 44-օրյա պատերազմի համեմատությամբ։ Եթե Ապրիլյան պատերազմի ժամանակ հրամանատարները չգիտեին ինչ անել, տեղը զիջում էին իմացողներին, 2020 թվականի պատերազմի ժամանակ չիմացողները տեղ չէին տալիս իմացողներին։ 44-օրյա պատերազմը հայաստանյան քաղաքական ղեկավարության կողմից պատրաստված պարտություն էր»,- շեշտում է ազատամարտիկը։

ԱՀ ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն էլ համոզված է, որ Քառօրյա պատերազմը Արցախի ՊԲ-ի ուժերը փորձելու միջոց էր։

«Ռազմական գործընթացների նախերգանքը ավելի շուտ էր քան 2016 թվականին։ Կհիշեք 2024 թվականը, երբ սահմանում իրավիճակի լարվածություն առաջացավ։ Ապրիլյան պատերազմն այն ցուցիչն էր, որ Ադրբեջանը որոշում ունի Արցախի հարցը ուժային ճանապարհով լուծելու։ 2016 թվականին դիմադրության, ուժերի ստուգման փորձ էր։ Այս ամենի հետեւանքով հայորդիներ զոհվեցին։ Ցավալի է, որ ռազմական գործողությունների ընթացքում մարդկային, ինչպես նաեւ տարածքային կորուստներ ունեցանք։ Խոնարհումս մեր բոլոր հերոսներին եւ նրանց ընտանիքներին։ Թող համոզված լինեն, որ իրենց երեխաների արյունը հանուն հայրենիքի է եղել եւ հաստատապես արդյունք է ունեցել»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

OՊԵՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի բանտում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: Դրանք կապված են բանտի թիվ 59 խցում ստացված ահազանգի հետ: Հիշեցնենք, որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի դատապարտյալի հարազատները դիմել էին ArmLur.am-ին՝ ահազանգելով, որ բանտի թիվ 59 խցի «զոն նայողը»՝ քրեական բարձր աստիճան ունեցող դատապարտյալ Գեղամ Բաղդասարյանը, ճնշումներ է գործադրում իր հարազատի եւ այլ դատապարտյալների նկատմամբ։ Ինչպես հայտնել էին ArmLur.am-ին, Բաղդասարյանը դատապարտյալներից հավաքագրում է գումար, ստիպում «ղումար խաղալ», չանելու դեպքում՝ վիրավորում, ժամանակ առ ժամանակ հարվածներ հասցնում նրանց։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ այս մասին տեղամասի աշխատակիցները տեղեկացված են, բայց ոչինչ չեն անում։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության լրատվականի պետ Նոնա Նավիկյանը հայտնել էր. «Ստացված հաղորդագրության իսկությունը ստուգելու համար Քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնք դեռ շարունակվում են»։

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:




Լրահոս