Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը, խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն եւ Լորդ Մարկ Մաքինսը նամակ են հղել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ջեսիկա Մորդենան:
Բրիտանացի խորհրդարանականները նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքն ու դատավարությունները եւ կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, ինչը կօգնի հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից եւ Մեծ Բրիտանիայում սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետեւելու արգելքի հետ։
Մենք նաեւ ահազանգ ենք հնչեցնում Բաքվում BBC News Azerbaijani եւ «Ամերիկայի Ձայնի» դադարեցումների մասին, ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալություններին երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ։
Բանտարկյալների ընտանիքների անդամները մեզ հայտնում են, որ նրանք գտնվում են գրեթե ամբողջական մեկուսացման մեջ եւ հազվադեպ են կապ հաստատում հարազատների հետ։
Մենք հատկապես մտահոգված ենք բանտարկյալներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով, որը մինչեւ վերջերս գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր։ Մենք խնդրում ենք, որ նախարարները քննարկեն Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիցների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։ Մենք նաեւ խնդրում ենք նախարարներին՝ հաստատակամորեն խնդրել Ադրբեջանին՝ թույլատրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան եւ այցելելու բանտարկյալներին՝ ստուգելու նրանց ինքնազգացողությունը, վերականգնել Բաքվում BBC News Azerbaijani աշխատանքները, ինչպես նաեւ ապահովել դատավարությունների մանրազնին վերահսկողությունը եւ անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին՝ իբրեւ երկու երկրների միջեւ կայուն խաղաղության տանող ուղու գրավական»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԴԱՏԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ
Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի բնակիչ Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (Խոշտանգումը): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մարդանյանը հարուցված մեղադրանքը համարում է շինծու՝ ասելով, որ Սիմոնյանների ընտանիքը զբաղվում է անտառում ծառերի ապօրինի հատումներով եւ դրանից ստացված վառելափայտի իրացմամբ, Ժ. Սիմոնյանը իր հանդեպ սուտ մատնություն է կատարել, քանզի ինքը ի պաշտոնե խանգարել է Սիմոնյան ընտանիքի կողմից ապօրինի ծառահատումներին։
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է ավելի քան 7 տարի առաջ՝ 2018թ. հունվարի 23-ին։ 2019թ. փետրվարի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ դատախազությունը այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը 2020թ. մարտի 25-ին որոշել է վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, Գ. Մարդանյանի նկատմամբ կիրառված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփափոխ, նրա նկատմամբ կիրառված պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը վերացնել։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազությունը, Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը, Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ Ա. Ղարագյոզյանը վճռաբեկ բողոք են ներկայացրել։ 2020թ. հուլիսի 15-ին վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ դատարանի 2020 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի, Գ. Մարդանյանի պաշտպան Ռ. Ալիխանյանի, Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ Ա. Ղարագյոզյանի՝ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ է ընթանում Գ. Մարդանյանի դատավարությունը։ Վերջինս այժմ պաշտոնավարում է որպես ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ



















































































