Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Kia Sportage մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայով ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` արդյոք միայն վարդապետները կարող են լինել կուսակրոն, թե յուրաքանչյուր քահանա` իր ցանկությամբ:
Հրանուշ Մինասյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մինասյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա դառնալու որոշումը կայացնում են մինչեւ ձեռնադրվելը` սարկավագ եղած ժամանակ: Թե ամուսնացյալ, թե կուսակրոն սարկավագները քահանա են ձեռնադրվում նույն ծեսով, կարող են անգամ միաժամանակ ձեռնադրվել: Նույն օրը` երեկոյան, ձեռնադրող եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կուսակրոնության ճանապարհ ընտրած քահանաներին տալիս են վեղար, որը չեն կարող կրել ամուսնացյալները:
Քահանա են կոչվում բոլոր ձեռնադրվածները` կուսակրոն, թե ամուսնացյալ, սակայն ի տարբերություն ամուսնացյալ քահանաների` կուսակրոններն իրավունք ունեն ստանալ մի քանի աստիճան` աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս:
Ամուսնացյալներին կուսակրոններից տարբերում են վեղարով: Դա գլխի բրգաձեւ ծածկոց է, որը կրում են միայն կուսակրոնները:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախ հայրաբանական գրականության մեջ նրանց բոլորին կոչում են քահանա:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` երբ է դադարեցվում անձի գործազուրկի կարգավիճակը։
Սաթենիկ Հայրապետյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տարածքային կենտրոնի կողմից դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե.
գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերում ընդգրկվելու արդյունքում՝ անձի գործազուրկի կարգավիճակը կասեցվելու դեպքի,
լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը,
գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ,
գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից,
գործազուրկը անհարգելի պատճառով տարածքային կենտրոնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է ՀՀ կառավարությունը,
գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,
դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների,
գործազուրկը մահացել է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող եւ զբաղվածություն համարվող գործունեության որեւէ տեսակով չզբաղված անձը, որն աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել է գործազուրկի կարգավիճակ։



















































































