Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները թերևս արձանագրվում են միայն ֆեյսբուքյան էջում, երբ հրապարակում է ինչ-որ բան և գրում #ինչպեսխոստացել էի։ Սակայն գրեթե 3 ամիս է՝ Փաշինյանը խոստումը չի կատարում։
Բանն այն է, որ բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առջեւ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
Փաշինյանը, իհարկե, պատճառաբանեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել: Ամեն բան կարծես խաղաղվեց, քաղաքացիները հանդարտվեցին, որ հայտարարագիր լրացնելու ժամանակ դեռ շատ կա։ Սրա մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ մարտի սկզբին, սակայն արդեն ապրիլն է և ո՛չ e-draft.am-ում, ո՛չ ԱԺ նախագծերում չկա ժամկետը երկարաձգելու մասին որևէ փաստաթուղթ։
Բանն այն է, որ Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 2 ամիս, սակայն մինչեւ այժմ այս հայտարարությունն իրավական որեւէ ուժ չի ստացել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այնքան են տարված տնտեսական աճի թվերը կեղծելով, որոնք ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ հաճախ չեն համընկնում, որ փաստացի հայտարարագրման գործընթացները աչքաթող են արել:
Հարկ է նշել, որ եթե քաղաքացին մինչև մայիսի մեկը չներկայացնի իր եկամուտների հայտարարագիրը, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն է սահմանված․ առաջին անգամ նախազգուշացնում են, որից հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում 5 հազար դրամ տուգանք է սահմանված, ևս 30 օր չներկայացնելու դեպքում՝ 10 հազար դրամ տուգանք։
Որոշակի անձինք կան, որոնց համար վարչական պատասխանատվությունը բարձր է, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում 20 միլիոն դրամ և ավելի փոխառություն ստացած Հայաստանի քաղաքացիները. նրանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ է, կրկնվելու դեպքում՝ 100 հազար դրամ։
Հարկ է նշել, որ եթե այս հրահանգը մինչև մայիսի 1-ը ստանա իրավական ուժ, ապա այս տուգանքները կգործեն նոյեմբերի 1-ից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան





























