Ականազերծման նախազգուշացման և ականազերծմանն աջակցության միջազգային օրվա կապակցությամբ «Envoy» ամսագրին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված ականների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։
«Չնայած միջազգային ճնշումներից հետո Հայաստանը ներկայացրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և ընդամենը 25 տոկոսով են ճշգրիտ եղել: Վերջին ականի պայթյունի դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ թեև Հայաստանի քարտեզները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տարածքներում տեղադրված է մոտ 400 հազար ական, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։
«Հայաստանի նման վարքագիծը ականների սպառնալիքի հետ կապված ևս մեկ հետընթաց քայլ է տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին։ Հայաստանը պետք է տրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»,- հավելել է նա։
Անի Վարդանյան
























































































