Փաստաբանները այս պահին դատարանում բարձրաձայնում են այն հանգամանքը, թե ինչու են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի դեմ հարուցված քրեական գործով 17 միջնորդությունները հենց մակագրվել դատավոր Սարգիս Դադոյանին։ Բանն այն է, որ Սարգիս Դադոյանը մինչ դատավոր դառնալը ԱԱԾ քննչականում է աշխատել, այդ պատճառով էլ այս հանգամանքը փաստաբանների մոտ կասկածի տեղիք է տվել եւ նրանք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Արդյունքում դատավորը լսել է կողմերին եւ մերժել միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալները 13-ն են, որոնցից միայն Արաբկիրի նախկին թաղապետն է կալանքի տակ։
Քնար Մանուկյան





























