Արաբկիրի նախկին թաղապետի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ է նաեւ Արմեն Հարությունյանը, որը «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա այժմ տնային կալանքի տակ է, բայց այսօր ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան։ Ի դեպ՝ նա հանրությանը առավել հայտնի է «Ֆլեշի Արմեն» անունով։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ մեքենաներ են նրան դատարանում դիմավորում։
Նշենք, որ նախաքննական մարմինը Արմեն Վալերիկի Հարությունյանին մեղադրում է այն բանում, որ նա, հանդիսանալով «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հիմնադիր-տնօրենը, 2023 թվականի մայիսին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի 32/1 հասցեում գտնվող բենզալացակայանի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ։ Հանգամանքը հայտնաբերվել է Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան գործառույթներ իրականացրած աշխատակիցների կողմից: Վերջինների կողմից այն չարձանագրելու և իր նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց ձեռնպահ մնալու համար Արմեն Հարությունյանը 2023 թվականի մայիսի 5-ին դիմել է Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Սամվելի Բալասանյանին, ով իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն Արմեն Հարությունյանի օգտին օգտագործելու և վերջինի կողմից նշված հասցեում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու պայմաններում նրա նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելուց ձեռնպահ մնալու խնդրանքով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց դիմելու համար Արմեն Հարությունյանից անձամբ պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք գումար:
ArmLur.am-ը Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ ընդունում է արդյոք իր դեմ առաջադրած մեղադրանքը, վերջինս բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ չի ընդունում մեղադրանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան

















































































