Բաքվում այս օրերին ընթանում է հայ գերիների դատավարությունը, որոնց թվում է նաեւ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ինչպես հայտնի է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առաջին դատավարությունը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարի 17-ին, ինչը բուռն արձագանք ստացավ Հայաստանում: Տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, ինչպես հայաստանյան այնպես էլ արցախյան, միասնական կերպով բողոքի ակցիա իրականացրին ՀՀ Կառավարության, ԱԳՆ շենքերի դիմաց եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց՝ փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող, խոշտանգվող եւ դատվող հայ գերիների հայրենիք վերադարձն ապահովելու խնդրի վրա:
Երեւանում սկսվեցին պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել եւ հիմնականում Կառավարության շենքի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները հանրային ընդվզմամբ փորձել են ճնշում գործադրել գործող իշխանությունների վրա, որ նրանք սկսեն զբաղվել գերիների վերադարձի խնդրով: Նշենք, որ ՀՀ գործող իշխանությունը նախ նշել էր, որ լռությամբ են օգնում գերիներին, ապա հայտարարեցին, թե գործողություններ անում են, բայց բաց ձեւաչափով:
Այս ամենի վերաբերյալ մենք զրուցել ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի հետ՝ հասկանալու, թե որ պարագայում է տեսնում գերիների վերադարձը եւ արդյոք ՀՀ գործող իշխանությունը մտահոգված է գերիների վերադարձով:
«Պետք է արդարացի լինենք եւ իրերն իրենց անուններով կոչենք: Բաքվի բանտում գտնվող ոչ քաղաքական մեր հայրենակիցները, ովքեր որ քաղաքական լուրջ դեմքեր չեն հանդիսանում, հասարակ քաղաքացիներ են, կամ մարդիկ են, որոնք եղել են ինքնապաշտպանական ուժերում, հավանականություն կա, որ այդ մարդիկ կարող են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:
Ինչ վերաբերում է քաղաքական ղեկավարությանը, ապա նրանց վերադարձը Հայաստան ես իրատեսական չեմ համարում: Ամեն դեպքում սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւ մարդիկ կարող են համաձայնել կամ չհամաձայնել: Ադրբեջանական կողմը բավականին երկար ժամանակ է այդ մարդկանց դիտարկում է տեղեկատվական եւ քաղաքական գործիք իբրեւ: Ադրբեջանը նրանց պահում է նաեւ այն պատճառով, որ ՀՀ դեմ ցուցմունք տան: Անիրական է նրանց վերադարձը Բաքվի բանտերից, քանի որ նրանք բանտարկյալ չեն ինչ-որ հանցագործության համար, այլ քաղաքական պատանդ են: Իրենք, դիվանագիտական լեզվով ասած, քաղաքական պատանդ են. ադրբեջանական կողմն այդ մարդկանց մաքսիմալ օգտագործել է եւ օգտագործելու է: Այս որդեգրած քաղաքականության համաձայն է պետք նայել իրավիճակին», – ասաց Արամայիս Աղաբեկյանը:
Ի՞նչ ելքեր է պատգամավորն առաջարկում, ի՞նչ ուղիներով է նա հավանական համարում գերիների վերադարձը Հայաստան՝ նշեց հետեւյալը. «Կոնկրետ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ելք այս պահին չեմ տեսնում: Միակ գիտաֆանտաստիկական ելքը կարող է լինի աշխարհաքաղաքական իրավիճակների փոփոխության ժամանակ, եթե Ալիեւի մտադրությունները եւս փոխվեն եւ Ալիեւը իր մեջ ներքին խաղաղության մղումներ արթնանան: Մնացած պարագաներում, քանի կա Ադրբեջանի ձգտում ՀՀ օկուպացման, նա ռազմաքաղաքական ղեկավարներին բաց չի թողնի: Այս պահին Ադրբեջանի ամենաուժեղ թղթաքարը Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»:
Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո Բաքուն գերեվարել է Արցախի Հանրապետության 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանին, 3-րդ նախագահ Բակո Սահակյանին, 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի 9-րդ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳՆ Դավիթ Բաբայանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեի անդամ։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվեն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրություններ։ Թեկնածուներից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ Սա տեղի է ունենում երկրի ներսում Մելիքբեկյանի նկատմամբ քննադատության եւ հրաժարականի պահանջի ֆոնին՝ քննարկումների նոր ալիք բարձրացնելով:
«Թույլ չենք տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը, եւ անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար»,- այսպես է Մելիքբեկյանն արձագանքել «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանի գրառմանը, որում նա անդրադարձել էր Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալու հնարավորությանն ու իրենց գործողություններին։
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՀԵՇՏԱՑՎԻ
ԵՄ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Մեծ Բրիտանիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կհեշտացվի։ Այս մասին որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Որոշման համաձայն՝ այդ երկրների արտադրանքը կազատվի ԵԱՏՄ չափանիշներով սերտիֆիկացումից, եթե առկա են Հայաստանում եւ ԵԱՏՄ-ում թույլատրելի վնասակար նյութերի մակարդակին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը:
Վերահսկիչ մարմինները կսահմանափակվեն ներկայացված փաստաթղթերի ստուգմամբ։ Նմանատիպ կարգը կտարածվի նաեւ այլ երկրների արտադրանքի վրա, եթե դրանք սերտիֆիկացվել են լաբորատորիաների հավատարմագրման համագործակցության միջազգային համաձայնագրի (ILAC) շրջանակում հավատարմագրված լաբորատորիաներում:
10 % ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաեւ Հայաստանի վրա։ Հայաստանը Թրամփի առեւտրային պատերազմից անմասն չմնաց. գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այս մասին նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ ալկոհոլի արտահանումը»,- գրել է նա



















































































