Armenian text to speach

ԾԵԾԵԼ ԵՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ArmLur.am-ին ահազանգել են  Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների հարազատները ու հայտնել, որ իրենց զանգից  մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձիք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի են ենթարկել։ Մեզ զանգահարած քաղաքացին հայտնեց. «Առանց որեւէ մի բառ ասելու` մտել են տղաների մոտ, «դուբինկաներով» ջարդուփշուր են արել սենյակները, դաժանաբար ծեծել նրանց: Ոչ մեկին ոչ մի բան չեն բացատրել, դեմքները փակ է եղել ու մենք էլ չգիտենք, թե որն է եղել պատճառը», – լացակումած հայտնեց մեր զրուցակիցը։

 

ArmLur.am-ը կապ հաստատեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նովիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել Նուբարաշեն ՔԿՀ-ում, վերջինս հայտնեց. «Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տեւական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։

Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետեւաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։

Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,- ասված է պարզաբանման մեջ։

Նշենք, որ այս դեպքի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին նույնպես ահազանգ է ստացվել։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:  Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաեւ նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի մսուր խմբի դայակ, այդտեղ 18 տարի դայակ աշխատող Արեւիկ Ալիխանյանը 2024 թվականի օգոստոսից միայնակ էր դայակություն անում, հոգ տանում մանուկների 20 հոգանոց խմբին, քանզի խմբի դաստիարակը կես դրույքով էր աշխատում։ Նրա անտանելի ծանրաբեռնվածության մասին Արեւիկի դուստրը գրավոր հայտնել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին եւ  «Հետքի» խմբագրություն, որը հոդված է հրապարակել այդ մասին։ Դրանից հետո այդ մանկապարտեզ են այցելել, խնդրին ծանոթացել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ նրա խորհրդական Նոնա Գրիգորյանը։ Համայնքի ղեկավարը Արեւիկ Ալիխանյանից պահանջել էր աշխատանքից ազատման դիմում գրել։ Դրանից հետո մանկապարտեզի տնօրենը պատճառաբանել էր, թե իբր Արեւիկ Ալիխանյանը բռնություն է գործադրում մանկապարտեզի սաների հանդեպ, նրան 2 նկատողություն է տվել, աշխատանքից ազատել։ Սակայն աշխատանքի տեսչական մարմինը չեղյալ է համարել թիվ 1 մանկապարտեզի տնօրենի այդ հրամանը, բայց Արեւիկ Ալիխանյանի ամուսնուն, որն այդ մանկապարտեզի պահակն էր, ազատել են աշխատանքից։ Դիլիջանում մրցույթ է հայտարարվել այդ մանկապարտեզի վերոհիշյալ մսուր խմբի դաստիարակի թափուր հաստիքի համար։ Դիլիջանից հայտնեցին, որ մրցույթին մասնակցել է 4 անձ, հաղթող է ճանաչվել Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական Ադամ Սարգսյանի մայրը՝ Վարդուհին, ով մրցույթից մեկ ամիս առաջ որպես դաստիարակ աշխատանքի է տեղավորվել թիվ 1 մանկապարտեզում։ Այս խնդրի, մրցույթի արդյունքների վերաբերյալ մտադիր էինք պարզաբանումներ ստանալ Դիլիջանի համայնքապետարանից, սակայն Դիլիջանի համայնքապետը աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակին, Դ. Սարգսյանը, խախտելով ՀՀ սահմանադրությունը եւ «Տեղեկատվության ազատության մասին»  օրենքը, նախկինում չի պատասխանել մեդ թղթակցի գրավոր հարցումներին, ավելին՝ արգելափակվել է մեր լրագրողի մուտքը «Ֆեյսբուքում» Դիլիջանի համայնքապետարանի էջ։ «Նիկոլի թվին» այսքան «թափանցիկ» է աշխատում Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը։

 

 

 

ԿՎՆԱՍԵՆ

2024 թ.մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքով Տավուշի մարզում մեծ վնասներ եղան, միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում ճանապարհի եզրի փլուզումներ տեղի ունեցան։ Այդ քանդված տեղերը, բացառությամբ Դիլիջանի «Գետափ»  ռեստորանին կից հատվածի, մինչեւ հիմա նորոգված չեն։ Այժմ սարերի ձյունը սկսել է հալչել, Աղստեւ գետը վարարել է։ Առաջիկայում սպասվում են գետի հեղեղումներ։ Դիլիջան համայնքի տարածքում քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով գետափին կառուցվել, տեղադրվել են հանգստի, սննդի օբյեկտներ, այլ կառույցներ ,որոնք գետի վարարման հետեւանքով հեղեղվելու,  մեծապես տուժելու են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս