
Զիգմունդ Ֆրոյդն ասել է, որ այն մարդը, ով իր մոր սիրելի զավակն է եղել, ամբողջ կյանքի ընթացքում իր հետ տանում է հաղթողի զգացողությունը ու հավատը հաջողության հանդեպ, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են իրական հաջողության:
Այսօր սրբություն համարվող մայրերի օրն է։ Ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է մայրության և գեղեցկության տոնը։
ArmLur.am-ը ներկայացնում է օրվա մասին։
Տոնի ամբողջ էությունն ու իմաստը մոր կերպարի, նշանակության ու կարևորության մասին է։
Ըստ հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։
Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»»։
Հայաստանում այս տոնն առավել կարևոր ու առաջնային է քրիստոնյաների շրջանում, քան՝ մարտի ութը, չնայած այն հանգամանքին, որ կանանց տոները Հայաստանում նշվում է ոչ ավել, ոչ պակաս՝ մեկ ամիս։ Չնայած, որ տոնական համարվում է այդ մեկ ամիսը, պետք է խոստովանենք, որ ամեն օրն էլ կանանց մասին է ու կանանց համար։
Ամեն տարի ապրիլի 7-ին առաքելական սուրբ եկեղեցիներում պատարագ է մատուցվում և կատարվում է օրհնության կարգ՝ մայրության բերկրանքին սպասող կանանց համար։
Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես և բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես և մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգևոր ծնունդը:
Ինչքան էլ անցնեն ժամանակները, փոխվեն տարիները, ավելանան թրենդները, մարդիկ փոխվեն և ցանկանան փախչել աշխարհից, հոգու խորքում միևնույն է գիտես, որ աշխարհում կա մեկը, ով մշտապես գրկաբաց սպասելու է քեզ ինչ էլ որ լինի, և դա մայրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է նաև հայտնի մարդկանց մտքերը՝ մայրերի, կանանց մասին։
«Մայրերն ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ տաղանդ ունեն»- Շառլ Ազնավուր
«Կանայք աննման տաղանդ ունեն իրենց զգացումներն արտահայտելու առանց չափազանց ուժեղ բառեր գործադրելու. նրանց պերճախոսությունները հատկապես շեշտի, շարժուձևի, կեցվածքի ու նայվածքների մեջ է»- Օնորե դը Բալզակ
«Մայրական զգաացումն այնքան անսահման է, որ մոր սիրող սիրտը անտարբեր կարող է դարձնել կամ մահը, կամ որևէ հզոր ուժ` կրոնը կամ սերը»- Օնորե դը Բալզակ
«Սիրտն ունի իր սեփական հիշողությունը: Երբեմն կինը անկարող է մտաբերել կարևոր իրադարձությունները, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում նա կհիշի այնպիսի բաներ, որոնք նրա զգացմունքներին են վերաբերում»- Օնորե դը Բալզակ
Մոր մասին ինչքան էլ գրեն տարատեսակ տողեր, միևնույն է, ամենաանկեղծը սրտի խորքում պահվածն ու փայփայածն է։
Սկզբնաղբյուր՝ Qahana. am
Աննա Սրապիոնյան