
2024 թվականին «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ էր եղել․ միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հանրային հեռուստաընկերություն՝ բանավիճելու: Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեն Սուրեն Սահակյանին մեղադրանք է առաջադրել, որ նրանք 2024 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոց 26 շենք հասցեում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում Արեգ Արմենակի Քոչինյանի հետ կայացած հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով, դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում՝ 18:15-ի սահմաններում, դիտավորյալ կերպով ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արեգ Քոչինյանի ուսերին, կրծքավանդակին, դեմքին, դաստակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:
Արեգ Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոց 26 շենք հասցեում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում Սուրեն Սարգսի Սահակյանի հետ կայացած հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով, դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում՝ 18:15-ի սահմաններում, դիտավորյալ կերպով ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Սահակյանին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ մարմնական վնասվածք:
Գործը դատարանում է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան