Armenian text to speach

Երազում էի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը դառնա հզոր հաստատություն և այսօր հեռանում եմ պարզ ճակատով․ Արման Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը գրում է․

«Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ ընկերներ, հայրենակիցներ․․․

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր, որպես պետական ամենախոշոր բուժհաստատության՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնի տնօրեն:

Հեռանում եմ պարզ ճակատով, հանգիստ խղճով ու հպարտ․․․

2018-ին ստանձնելով կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ երազում էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դառնա այնպիսի հզոր հաստատություն, ուր իմ ու Ձեր երեխան, հարազատը կսպասարկվեն առանց անհանգստության։ Այսօր իմ մեծ նպատակն ու երազանքը կատարված է։

Հպարտ եմ, որ իմ կառավարման 7 տարիներին ինձ հաջողվեց Հայաստանի Հանրապետության ամենամեծ պետական բժշկական կենտրոնը դարձնել ապահով հաստատություն:

Շուրջ 7 տարի առաջ մենք սկսեցինք մեծ աշխատանքը՝ փոխելու, բարելավելու և զարգացնելու մեր բուժհաստատությունը: Այդ տարիները լի էին դժվարություններով և մարտահրավերներով․ համավարակ, պատերազմ, հետքովիդյան վերապրոֆիլավորում, բայց նաև մեծ հաղթանակներով, թիմային անսահման նվիրումով և զարգացման անընդհատ ձգտումով։

Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվեց բարելավել բժշկական ծառայությունների որակը, ընդլայնել հնարավորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել մասնագիտական թիմը։ Մենք միասին հաղթահարեցինք բազում փորձություններ՝ մշտապես առաջնորդվելով մեր առաքելությամբ՝ ծառայել մարդկանց առողջությանը։

Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել տարբեր տարիների մեր մեծ ընտանիքի բազմահազար անդամներին՝ նվիրված աշխատանքի, արհեստավարժության և անձնվիրության համար: Ձեր ջանքերի շնորհիվ մեր բժշկական կենտրոնն այսօր դարձել է մեր երկրի առաջատար բուժհաստատություններից մեկը։ Այսօր, երբ հետ եմ նայում անցնող տարիներին, հպարտանում եմ մեր հիվանդանոցով, Ձեզանից յուրաքանչյուրով և այն կարևոր աշխատանքով, որը մենք արել ենք օր ու գիշեր:

Վստահ եմ, որ մեր կողմից ձևավորած պացիենտակենտրոն արժեքների, բժշկական որակի բարձր նշաձողի և յուրահատուկ մշակույթի կրողն ու պահպանողը հենց Դուք եք: Մաղթում եմ Ձեզ բոլորիդ ուժ, համբերություն և նորանոր նվաճումներ:

Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՀՀ կառավարությանն, Առողջապահության երկու նախարարներին՝ Արսեն Թորոսյանին և Անահիտ Ավանեսյանին, անվերապահ վստահության, անսահման աջակցության և մեր բժշկական կենտրոնի զարգացմանն օժանդակելու համար:

Առողջություն եմ մաղթում բոլորիս և խաղաղություն մեր երկրին»:

Ավելի վաղ ArmLur.am–ը գրել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը և Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ տնօրեններին հրավիրել են նախարարություն և հորդորել ազատման դիմումներ գրել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ արդեն որոշված է, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն է նշանակվելու ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատը վայր էր դրել։




Լրահոս