ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ինչպես ՎՀ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, այնպես էլ մի քանի օր առաջ Հայաստան գալ չցանկացած վրաց պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Պետք է  նշել, որ երկու հանդիպումների ժամանակ էլ վրացական կողմն ընդգծված ջերմ է եղել: Մասնավորապես, Սահակաշվիլին ասել է, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որեւէ խնդիր, որն արագ չլուծվի, եւ որ մեր երկկողմ հարաբերություններն օրինակելի են: Նա նաեւ ընդգծել է. «2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանը Վրաստանին շատ մեծ բարոյական աջակցություն  ցուցաբերեց»: Սա, ինչ խոսք, միանգամայն նոր շեշտադրում է` հաշվի առնելով  այն փաստը, որ մինչ այդ վրացական կողմն առավել հաճախ հիշում էր օգոստոսյան պատերազմի օրերին Հայաստանի տարածքից ռուսական ռմբակոծիչների`  Վրաստան կատարած  գրոհի մասին կեղծ տեղեկատվությունը: Էլ չասած այն մասին, որ ըստ մի շարք հավաստի աղբյուրների` պատերազմի օրերին վրաց նախագահը չէր պատասխանել իր հայ գործընկերոջ բազմաթիվ հեռախոսազանգերին: Հետեւաբար, այս  հայտարարությունը կարելի է գնահատել իբրեւ վրացական կողմի դիրքորոշման որակական փոփոխության արտահայտություն:
Նկատենք, որ հայկական կողմին ցուցաբերած ընդունելությունը բավական ջերմ էր նաեւ Իլիա Երկրորդի մասով: Նախ` վրացական կողմը ՀՀ նախագահի այցից մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ վրաց պատրիարքը չէր ժամանել Հայաստան` մասնակցելու ԱՊՀ հոգեւոր առաջնորդների հավաքին զուտ առողջական խնդիրների պատճառով: Թեեւ, եթե դա իրականում այդպես էր, կարելի էր այդ մասին ասել անմիջապես` առանց հարցի շուրջ ավելորդ մեկնաբանությունների տեղիք տալու: Սակայն անկախ այն բանից, թե որն էր իրականում վրաց պատրիարքի` Հայաստան չգալու պատճառը, նկատենք, որ հայկական պատվիրակության այցելության նախօրեին նման պաշտոնական բացատրությամբ հարցի դիվանագիտական կողմը լիովին պահպանվեց: Ավելին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ոչ այնքան  ջերմ հարաբերություններ ունեցող վրաց պատրիարքը Ս.Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հատուկ հիշատակեց հայոց կաթողիկոսին եւ տեղեկացավ նրա որպիսությունից:
Այս ամենն, իհարկե, կարելի էր ընդունել որպես հայ-վրացական հարաբերություններում նկատելի ջերմացման արտահայտություն, եթե կողմերի միջեւ առկա իրական խնդիրները բառիս բուն իմաստով չսառեցնեին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Խոսքը Վերին Լարսի անցակետում արդեն երկու շաբաթ շարունակ «լռված» 200 հայկական մեքենաների վարորդների մասին է, որոնք այդ վիճակում են հայտնվել հենց վրաց իշխանությունների «բարիդրացիական» վերաբերմունքի արդյունքում: Ինչ խոսք, այստեղ եւս վրացիները կարող են ասել, որ խնդիրը ոչ թե մեր, այլ ռուսների հետ է, սակայն փաստն այն է, որ տուժողը ոչ թե ռուսներն են, այլ մենք: Ուստի եթե հայ-վրացական հարաբերություններում իրապես առկա է որեւէ տեղաշարժ, ուրեմն Վրաստանը պետք է շատ արագ կերպով լուծի այդ հարցը:  Առավել եւս, որ Տավուշի սողանքի հետ կապված` Սահակաշվիլին գլուխ էր գովել, թե իր պետական ապարատը նման խնդիրները կարող է լուծել մի քանի ժամում:




Լրահոս