Երբևէ մտածել եք, թե ի՞նչ բույր ու երանգ ունի ֆրանսիական գրականությունը։
Միգուցե այն մուգ կարմիր է՝ թունդ գինու բույրով, թավշյա կապույտ՝ մաքրության բույրով։
Եթե հաշվի չառնենք, թե ինչ բույր ու երանգ ունի ֆրանսիական գրականությունը, միանշանակ պետք է հաշվի առնենք այն փաստը, որ ֆրանսիական գրականությունը հոգու խորքերին դիպչող, սիրտը փոթորկող «ուժ» է։
Ֆրանսիական գրականության վառ դեմքերից մեկը ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերն է։
Այսօր՝ ապրիլի 9-ին գրողի ծննդյան օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի կյանքից հետաքրքիր փաստեր և գրողի հետաքրքիր մտքերը։
Գրողը ծնվել է Փարիզում։ Հայրը՝ Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի։ Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827 թվականին։ Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայում դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը։ Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ։ Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը։
1839 թվականին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին։ Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության։
Երբ լրացել է գրողի 18 տարին և դարձել է չափահաս, նա ստացել է իր հասանելիք ժառանգությունը և սկսել է վարել ինքնուրույն կյանք։ Բոդլերը մերձեցել է երիտասարդ գրողների «Նորմանդյան դպրոց» խմբակցությանը, որը հետևում էր երկրորդ սերնդի «ամենամոլի» ռոմանտիկներին՝ Պետրյուս Բորելին, Ալոզիուս Բերտրանին, Ժերար դը Ներվալին։ «Նորմանդականները» ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր։ Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ։ Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն։ Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանուն Բոդլերի ծախսերին, և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը։
Գրողի առաջին գրքույկը լույս է տեսել 1845 թվականին։ Դա Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունն էր՝ «Սալոն 1845»։ Ուսումնասիրությունում գրողը քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ և անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը։
Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն՝ «Չարի ծաղիկները» խորագրով, որը լույս է տեսնում 1857 թվականի հունիսին։ Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե’ բանաստեղծին, թե’ հրատարակիչներին։ Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես եկան ժամանակի առաջավոր մտածողները։ «Ես ասում եմ կեցցե՛, ամբողջ ուժով ասում եմ կեցցե՛ ձեր հզոր տաղանդին»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն։
Այս ժողովածուն գրողի հանրահայտ գործերից է, որը հայտնի է գրեթե բոլոր գրքասերների շրջանում, քանի որ համարվում է «չմեռնող դասականներից»։
«Չարի ծաղիկները» կարելի է նաև ասել, որ Բոդլերի բարձրագույն գեղարվեստական նվաճումն է։ Ժողովածուի վրա բանաստեղծն աշխատել է գրեթե ամբողջ կյանքում։ Նախապես ծրագրած է եղել գիրքը խորագրել «Լեսբոսուհիներ», ապա՝ «Լիմբոսներ»։
Արդեն 1855 թվականին «Revue des Deux Mondes» ամսագրում «Չարի ծաղիկները» վերնագրով լույս են տեսնում Բոդլերի 18 բանաստեղծությունները։ Նույն խորագրով գիրքը լույս է տեսնում 1857 թվականին։
Կից ներկայացնում ենք նաև Բոդլերի հայտնի մտքերը։
1․ Սատանայի ամենանրբագեղ խորամանկությունն այն է, որ վերջինս կարող է ձեզ վստահեցնել, որ գոյություն չունի:
2․ Ի տարբերություն հաճույք ստանալուն, աշխատելն այնքան էլ ձանձրալի չէ:
3․ Մարդիկ հավասար են միայն երբ նրանց հաջողվում է ապացուցել իրենց հավասարությունը և արժանի ազատության միայն, երբ ունակ են հասնել դրան:
4․ Տղամարդն ընտրության միայն երկու հնարավորություն ունի. կամ նա դառնում է կնոջ ստրուկը, կամ մարմինն ու հոգին տանջող դահիճը, մարդասպանը:
5․ Անգամ երեխա ժամանակ սրտիս խորքում երկու իրար հակասող զգացմունքներն էին իշխում: Դրանցից մեկը կյանքի հանդեպ գարշանքը, իսկ մյուսը՝ վայելչությունն էր:
6․ Աստված միակ արարածն է, որն իշխելու համար գոյություն ունենալու կարիք չունի:
7․ Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
8․ Առանց մրցակիցների կինը շատ շուտ է թոշնում:
9․ Պարը կարող է ցույց տալ գաղտնիքները, որը երաժշտությունն է թաքցնում:
10․ Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…
Աննա Սրապիոնյան




















































































