Ապրիլի 11-ին Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է տեղի ունենալու և Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որպես հիմնական զեկուզող, կներկայացնի Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Հարակից զեկուցողը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն է։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի համաձայն՝ Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 102,000,000 եվրո գումարի չափով վարկային միջոցներ նախագծի իրականացման համար։
102 մլն եվրոն համարժեք է 43 մլրդ դրամի։
Տեղեկանքում նշված է․ «Համաձայնագիրը համապատասխանում է ՄԱԿ Կայուն զարգացման 3-րդ նպատակին, որով ՄԱԿ անդամ երկրները հանձնառու են իրենց բնակչությանը մինչեւ 2030թ. ապահովել Առողջության համապարփակ ծածկույթով, այդ թվում՝ որակյալ, արդյունավետ առողջապահական ծառայությունների, ինչպես նաեւ ապահով, արդյունավետ, որակյալ եւ մատչելի դեղամիջոցների եւ պատվաստանյութերի հասանելիությամբ»։
Էմմա Միքայելյան

























































































