ԱԺ էթիկայի հանձնաժողովի մասին օրենսդրական նախագիծը` շրջանառության մեջ դրած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բանաձեւում է, թե որն է շահերի բախումը, ինչի մասին պատգամավորները պարտավոր կլինեն հայտարարել. «Անձի, նրա հետ փոխկապակցված անձի, այս կամ այն նախագծի ընդունման արդյունքում կարո՞ղ են ունենալ իրենց նյութական կամ իրավական վիճակի բարելավում»:
-Պարո՛ն Հարությունյան, գարնանային նստաշրջանի վերջին Հանրային ծառայությունների մասին օրինագծով որոշվեց ստեղծել էթիկայի հանձնաժողով մոտ 600 անձանց համար` մարզպետերի, նախարարների եւ այլն: Մեկ էթիկայի հանձնաժողով էլ, եթե չեմ սխալվում, ԱԺ-ն է ունենալու: Ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ երկու առանձին հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ:
-Պետաիրավական հանձնաժողովն այս պահին շրջանառության մեջ է մտցրել նախագիծ, որն ամբողջությամբ պատրաստ է, եւ ես սպասում եմ իմ գործընկերների արձագանքներին: Այն, որ առաջարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել նաեւ ԱԺ-ում, պայմանավորված է նրանով, որ կան հարցեր, որոնք բնորոշ են զուտ օրենսդրական աշխատանքին, եւ, բնականաբար, այդ դեպքերում պետք է ԱԺ էթիկայի հանձնաժողովն անդրադարձ կատարի: Տեսե՛ք, պատգամավորների եւ նախարարների իրավասությունները տարբեր են, եթե ուշադրություն դարձնեք գործող օրենքին, կտեսնեք, որ բոլոր դեպքերում պատգամավորների մասով այն հանձնաժողովն իրավասություն չունի. շահերի բախում եւ մի շարք այլ խնդիրներ: Եւ այդ հարցերում, բնականաբար, իրավասություն ունի ԱԺ հանձնաժողովը: Եւ հետո, մեր գործելաոճն է տարբեր. եթե ԱԺ-ն ամեն դեպքում քաղաքական որոշումների տեղ է, ապա կառավարությունը հիմնականում կատարում է գործողություններ, նա ընդունում է նորմատիվ ակտեր: Իսկ մենք մեր քննարկումներում ավելի շատ քաղաքական դիրքորոշումներ ենք արտահայտում: Որոշում, որ կարող է ազդել գործընկերների վրա, դրա համար շատ բնական է, որ մենք նախատեսենք շահերի բախում անգամ այն դեպքերում, երբ պատգամավորը, օրինակ, ելույթ պետք է ունենա հանձնաժողովում: Նա պետք է հնարավոր շահերի բախման մասին հայտարարություն տա: Այն, ինչ ես առաջարկում եմ, հետեւյալն է` անձի, նրա հետ փոխկապակցված անձի, այս կամ այն նախագծի ընդունման արդյունքում կարո՞ղ են ունենալ իրենց նյութական կամ իրավական վիճակի բարելավում: Եթե այո՛, ապա այդ պատգամավորը ելույթից, քվեարկությունից առաջ կամ նախաձեռնություն ներկայացնելիս պարտավոր է հայտնել իր գործընկերներին, որ այս իրավիճակում կա շահերի բախման խնդիր: Եւ սա չի սահմանափակում նրան ելույթ ունենալ, քվեարկել կամ առաջարկություն ներկայացնել, բայց հնարավորություն է ընձեռում իր մյուս գործընկերներին այլ գնահատական տալ իր ելույթին:
-Այնուամենայնիվ, կա կարծիք, որ հանձնաժողովի հիմնական թիրախը լինելու են գործարար պատգամավորները կամ այն, որ Սահմանադրության հայտնի կետը չի կատարվում, եւ բիզնես ունեցող խոշոր գործարարները մտնում են ԱԺ:
-Սկզբունքորեն մենք առաջին հերթին պետք է սահմանենք, թե ինչ է նշանակում զբաղվել, քանի որ բիզնեսով զբաղվելու խնդիրը տարբեր մեկնաբանություններ պետք է ունենա` սահմանադրաիրավական, քաղաքացիաիրավական, հարկային տեսանկյուններից:
-Այսինքն` այլեւս չի՞ բավարարելու գործարար պատգամավորների այն հայտարարությունը, որ իրենց բիզնեսը տվել են լիազորագրային կառավարման:
-Եթե խոսքը հավատարմագրային կառավարման մասին է, ապա դա ինձ բավարարում է` պայմանով, որ կան մի շարք լրացուցիչ պայմաններ: Իսկ Դուք ասում եք միայն այն դեպքի մասին, երբ անձն ունի բաժնեմաս որեւէ մի ընկերությունում, այդ դեպքում հավատարմագրային կառավարումը խնդիր չէ, սակայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանումը մենք առաջարկում ենք շատ ավելի լայն: Խնդիրը վերաբերում է այդ ընկերություններում պաշտոն զբաղեցնելուն, կառավարչական, ներկայացուցչական դերակատարում ունենալուն:
-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օրինակ` ԱԺ տնտեսական հանձնաժողովի գործարար պատգամավորները, հենց կառավարությունը, ասենք, գինու կամ ծխախոտի ակցիզային հարկ է մտցնում, լուրջ կռիվ են տալիս: Հիմա սա կլինի՞:
-Նման ելույթ ունենալուց առաջ պատգամավորը պետք է ներկայացնի իր շահերը, եւ բոլորը կիմանան, որ այս հարցում նա ունի այսպիսի շահերի բախում: Եւ մենք կքննարկենք իր առաջարկը, որը կարող է լինել ե՛ւ բացարձակ անողջամիտ, ե՛ւ շատ ողջամիտ:
-Որպես ամփոփում` կարո՞ղ եք ասել, որ այս օրենքը կանի այն, ինչը հնարավոր չեղավ անել 15 տարվա ընթացքում` բացառել գործարարների մուտքն ԱԺ:
-Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք գործարարների մուտքի մասին, պիտի ասեմ, որ դա պոստսոցիալիստական երեւույթ է, եւ որեւէ այլ` ավանդական ժողովրդավարության երկիր, որպես կանոն, դրա մասին չի խոսում: Ընդամենը խոսում է շահերի բախման մասին: Մենք քանի որ ունենք Սահմանադրության մեջ դրույթ, բնականաբար պետք է այն իրացնենք եւ պետք է գտնենք դրա իրացման մեխանիզմները, որոնք ծառայում են այն նպատակին, որ վերցրել է սահմանադիրը:
ԷԹԻԿԱ ԵՎ ԿՐԿԻՆ ԷԹԻԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ