Armenian text to speach

Այս Զատկին էլ հավկիթը կթանկանա. ՔՊ-ի սրտի գործարար Նալբանդյանը դաշտում սկսել է ճնշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սուրբ Զատիկին ընդառաջ ամենաշատ սպառվող մթերքը՝ ձուն, ավանդույթի համաձայն, տոներից առաջ թանկանում է։ Սակայն «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրած ձևերը սուպերմարկետներում ռեկորդային ցածր գնով են վաճառվում։ Ի՞նչ է սա:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով շուկան, արձանագրեց, որ օրինակ՝ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի կամ «Արզնի»-ի հավկիթների 1 հատի արժեքը տատանվում է 88-ից 160 դրամի սահմաններում։ Իսկ շուկաներում տնական ձուն կարելի է ձեռք բերել նաև 50-60 դրամով: Սակայն «Շիրակ» թռչնաֆաբրիկան իր արտադրած ձվերը վաճառում է 25-29 դրամով, ինչը շուկայում ստեղծել է ոչ հավասար և անարդար մրցակցություն։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները չէին կարողացել իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու: Ահա նման մի իրավիճակ էլ այս տարի է հասունանում, քանի որ շատ արտադրողներ, օրինակ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան, հենց նման գնային անկայուն վիճակի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնելով, փակվեց:

Ինչ հրաշքով է այդքան էժան վաճառվում «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հավկիթները

ArmLur.am-ի այս հարցին ընկերությունից հայտնեցին, որ պատճառը ձվի չափն է՝ կարգը։

«Ձվի գինը կախված է տվյալ ձվի կարգից ու չափից։ Կարգն էսպես ա՝ ձուն ինչքան փոքր է, այնքան մատչելի է, իսկ ձեր նշած գնով վաճառվող ձվերը կարգով ցածր ձվեր են: Գովազդներում գրված է, որ նշված ձուն 0 կարգ է կամ 01 կարգ է։ Իսկ մեր թռչնաֆաբրիկայի մյուս չափերի ձվերը կարող եք նայել, այլ գին են»:

Հարկ է նշել նաև, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որի իրական շահառուն ՔՊ-ի սիրելի գործարար Նարեկ Նալբանդյանն է, 25-29 դրամանով ձվեր վաճառում է «Ծիրան» և «88» սուպերմարկետներում, որոնք ևս պատկանում են նույն Նալբանդյանին։ ArmLur.am-ը փորձեց մյուս տնտեսվարողներից ևս տեղեկանալ իրենց գնային քաղաքականության և շուկայում սպասվելիք վայրիվերումների մասին, սակայն ապարդյուն։ «Աշտարակ Ձու», «Արզնի», «Արաքս» թռչնաֆաբրիկաները միաձայն որևէ պատասխան չտվեցին, թե ինչ գնային քաղաքականություն ունեն և ինչպես են վերաբերվում հավկիթի շուկայի ոչ հավասար գնային քաղաքականությանը։

«Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում փորձեց հակիրճ բացատրել, թե ովքեր են մեղավորներն ու ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։ «Բնականաբար նման գնանկումներն ու գնաճներն անհավասար մրցակցություն են ստեղծում, և նրանք, ովքեր չեն կարողանում դիմանալ, շուկայից դուրս են գալիս։ Այս դեպքերը կրկնվում են 3-4 տարին մեկ անգամ, և այս ցիկլը շարունակվում է։ Իսկ պատճառն այն է, որ շուկա են մտնում նոր խաղացողներ, որոնք շուկայի ծավալները չեն ուսումնասիրում և սկսում են արտադրություն ծավալել։ Նման ընկերություններից մեկն օրինակ Շիրակի թռչնաֆաբրիկան է, որը մտել է արտադրության մեջ, արտադրությունը կազմակերպել են ոչ թե մսի, այլ ձվի արտադրանքում։ Կազմակերպեցին արտադրանքը, մեկ տարի անց հասկացան, որ արտադրություն չեն կարողանում կազմակերպել, մանավանդ իրենց սարքավորումները հին էին, դրա համար իրենք շուկա ձուն արտահանեցին էժան գնով։ Նման բան այս տարի էլ է եղել, որ չնախատեսված գնանկում տեղի ունեցավ։ Հիմնականում տուժում են փոքրերն ու միջինները, ֆեռմեռները, որոնք կորուստներ են ունենում։ Մեզ մոտ ձվի ավելցուկ է առաջանում․ մեկ շնչի հաշվով 245 ձու ենք արտադրում։ 2017 թվականի հասանք նրան, որ Հայաստան ձու չի ներկրվում»,- ասաց «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Նրա պնդմամբ, այս գործում միայն պետությունը չէ, որ պետք է ներդրում ունենա, տնտեսվարողները ֆինանսապես ևս պետք է պատրաստ լինեն ձվի վերամշակման համար գումար ներդնել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ArmLur.am-ին փոխանցեցին, որ ձվի վաճառքային ակտիվացման փուլում ստուգումներ ձվի թարմության մասով միանշանակ լինելու են․

«Դա անպայման կիրականացվի Զատիկից 7-10 օր առաջ, երբ մարդիկ սկսում են մեծ քանակներով ձու գնել: Կիրականացվի և՛ իրացման ցանցում, և՛ արտադրությունում»։

Հարկ է նշել, որ գրեթե ամեն տարի Սուրբ Զատիկի օրերին ձուն կտրուկ գնաճ է ապրում, որն արտահայտում է տնտեսվարողների անբարեխղճությունը։

Էմմա Միքայելյան




Լրահոս