ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Լատվիա կատարած այցիս ընթացքում ՝ որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի անդամ, իմ գործընկեր Աննա Գրիգորյանի հետ հանդիպում ունեցանք Լատվիայի Սեյմի քարտուղար, նախկին խոսնակ Էդվարդ Սմիլթենսի հետ։
Քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր՝ զարգացումները քաղաքական, անվտանգային և սոցիալ-տնտեսական բնագավառներում` ինչպես մեր երկրներում, այնպես էլ Բալթյան երկրներում։

Կիսվեցինք մեր տեսակետներով այսօրվա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում առկա հիմնական մարտահրավերների վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեցինք ժողովրդավարական ինստիտուտների կարևորությանը, ընդդիմության ձայնի դերին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորություններին։

Ինչպես միշտ, այս հանդիպման ընթացքում ևս բարձրաձայնեցինք մեր հայրենակիցների հետ կապված կարևոր հումանիտար հարցը՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պահվող և խոշտանգվող հայ ռազմագերիների մասին։ Նրանք բանտարկված են բացառապես իրենց հայկական ինքնության և ինքնորոշման պայքարի պատճառով։ Մենք շեշտեցինք նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և կոչ արեցինք աջակցել այս օրակարգին։
Հանդիպումը ևս մեկ քայլ էր՝ խորհրդարանական երկխոսության ամրապնդման և երկու երկրների փոխընմբռնման խորացման ուղղությամբ։

























































































