ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը հերքում է «Առավոտ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը, թե ԵԿՄ Կենտրոնի տարածքային կազմակերպությունից 50 հոգի դուրս է եկել ու հանձնել իր անդամատոմսը: «Մենք որեւէ դիմում չենք ստացել ԵԿՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Իսկ դուրս են գալիս դիմումի համաձայն, որն էլ քննարկվում է կառույցում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Կետիկյանը:
Վերջինս նաեւ հայտարարեց, թե ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որին ե՛ւ անդամագրվողներ են լինում, ե՛ւ հեռացողներ: Ավելին, ԵԿՄ փոխնախագահը դրանում որեւէ ողբերգություն չի տեսնում: «Բայց տվյալ դեպքում, կրկնում եմ, մենք չենք ստացել ԵԿՄ-ից դուրս գալու մասին որեւէ դիմում: Երբ որ ստանանք, այդ ժամանակ էլ կքննարկենք, որեւէ խնդիր չկա: Բայց վերջին 10 օրվա ընթացքում 111 նոր անդամագրվողներ են եղել»,-ասաց նա: Կետիկյանը նաեւ անդրադարձավ ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավարի փոփոխությանը: «Սա աշխատանքային սովորական պրոցես է: Զուտ կազմակերպչական հարցեր են, որոնք ողջ հանրապետության տարածքում միշտ լինում են: Գնահատում ենք բաժանմունքների աշխատանքները, դրանց հիման վրա տարածքային բաժանմունքների նախագահները վերընտրվում են կամ չեն վերընտրվում: Այնպես որ, որեւէ խնդիր չկա»,-մանրամասնեց ԵԿՄ փոխնախագահը: Իսկ թե ովքեր եւ ինչու են ԵԿՄ մասին նման լուրեր տարածում, Կետիկյանը չգիտեր:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ երեկ կայքերում տարածված տեղեկություններին, թե ԵԿՄ-ին շուտով անդամագրվելու է նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը: Կետիկյանի խոսքերով` Զուրաբյանը եղել է ԵԿՄ Սպանդարյանի կառույցի հիմնադիրներից, Սպանդարյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: «Նա երբեք նախկինում էլ դուրս չի եկել, որ այսօր անդամագրվելու խնդիր ունենա: Երեւի վերահաշվառման համար պետք է փաստաթղթերը թարմացնի»,-նշեց Կետիկյանը:
Հ.Գ. Նկատենք, որ ԵԿՄ-ն թեեւ փորձում է նոր դեմքերով հարստացնել կառույցները, այնուամենայնիվ, նորեկները մարտական անցյալով առանձնապես չեն փայլում: Եթե ԵԿՄ անդամ է դարձել ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը պատերազմի տարիներին ռուսաստաններում էր կամ Վարդան Ղուկասյանը, ով լավագույն դեպքում Գյումրու հրապարակում է կրակել, կարելի է պատկերացնել, թե ինչ օրի է ընկել այդ կառույցը:
ԵԿՄ-Ն ՎԵՐԱՀԱՇՎԱՌՈՒՄ Է ԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա.ԳԱԼՈՅԱՆ