Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել:
Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման եւ դրա վերաբերյալ ընդհանուր միտումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այն, ինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել, «ջուր ծեծոցի» է, եւ առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը, եւ քննել հենց նրա հարցը:
Սակայն Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ ընթացք չի տվել եւ որեւէ ձեւով չի արձագանքել այդ հայտարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական մեզ փոխանցված այս տեղեկությունը:
Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին:
Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թեւին» չեզոքացնելու:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Կորյուն Սերոբյանին: Ըստ դատախազության աղբյուրների՝ «թեկնածուն» ինքնագլուխ չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, եւ ունենալով գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց Սերոբյանն էլ կդառնա վարչության պետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան եւ Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան: Նկատենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչության պետ է ցանկանում դառնալ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, եւ այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները եւս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնի: Ավելին, ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել: ՀՀ ՍԴ-ն որոշել է, որ Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաեւ նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքը՝ անձամբ, եւ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն վեճի էության վերաբերյալ:
2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով: Համաձայն Կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարի մարտին ամենամեծ գնաճը գրանցել է շոկոլադը: Շոկոլադի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով։ Հաջորդ տեղում ալկոհոլային խմիչքը եւ ծխախոտային արտադրատեսակներն են, որոնք հանրապետությունում 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել են 5.3% եւ 4.8%-ով։ Վերջին ամիսներին Հայաստանում որոշ մթերքների գները զգալիորեն աճել են: Ստորեւ ներկայացված են ամենաշատ գնաճ գրանցած մթերքները՝ ըստ 2025 թվականի փետրվարի տվյալների: Բանջարեղենի տարեկան աճը կազմել է 20.4%, ձկնամթերքինը բարձրացել է 16.2%-ով, թեյ, սուրճ եւ կակաո՝ 15.6%, բուսական յուղ եւ կարագ՝ 13%-ով եւ այսպես շարունակ։ Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ որոշ մթերքների գներ նվազել են: Մսի գինը նվազել է 0.6%-ով: Կաթնամթերքինը եւ ձվինը՝ 3.6%-ով: Այս տվյալները վկայում են, որ հատկապես բանջարեղենը, ձկնամթերքը, թեյը, սուրճը, կակաոն, բուսական յուղը եւ կարագը վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ գնաճն են ապրել:



















































































