ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի օգնականը կաշառքի գործով է անցնում: Ավելին՝ Լոռու մարզի դատարանում կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեում մաս է անջատվել եւ քննությունը շարունակվում է:
Ամեն ինչի մասին՝ ամենասկզբից
Ապրիլի 4-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար:
Մասնավորապես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնատար անձը, համայնքային հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ վերը նշված վարչական ղեկավարի մատնանշած անձի սեփականության իրավունքը ճանաչելու համար, դատավորի օգնականի օժանդակությամբ 2024թ. վարչական ղեկավարից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամ եւ 8.500 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից հետո հայցվորի դիմումը դատարանի վճռով բավարարվել է, եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հիշյալ շինությունները ձեռքբերման վաղեմության ուժով դարձել են վերջինիս սեփականությունը:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերը նշված համայնքի վարչական ղեկավարին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), կաշառք տալու համար: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը նախաքննության ընթացքում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով, այդ թվում՝ պաշտոնավարման կասեցում):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Հակակոռուպցիոն կոմիտեն չէր մանրամասնել, թե որ դատավորի օգնականն է վարչական ղեկավարից պահանջել եւ ստացել առանձնապես խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամ եւ 8.500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի օգնականն է անցնում կաշառքի գործով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ԲԱՐՄԵՆՆԵՐԻ ՄՈՏ
Օրերս թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երվանդ Քոչար փողոցի «Սքեյթ պարկ»-ի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել եւ ոստիկանություն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վաչագան Ֆ.-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Արտյոմ Ռ.-ն եւ 17-ամյա Ա. Մ.-ն։ Ոստիկանությունում Ա. Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 10 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, Արտյոմ Ռ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով 1.11 գր. ընդհանուր քաշով կաթոցիչ եւ մոտ 0.45 գր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վաչագան Ֆ.-ի, Արտյոմ Ռ.-ի եւ Ա. Մ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին: Վաչագան Ֆ.-ն աշխատում է «Ուզբեչկա» ռեստորանում՝ որպես բարմեն, իսկ Արտյոմ Ռ.-ն՝ «Կովկասի Գերուհի» ռեստորանում՝ որպես բարմեն։
Հ1-Ի ԲԱԿԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
2024 թվականին «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ էր եղել. միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հանրային հեռուստաընկերություն՝ բանավիճելու: Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեն Սուրեն Սահակյանին մեղադրանք է առաջադրել, որ նրանք 2024 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոց 26 շենք հասցեում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում Արեգ Արմենակի Քոչինյանի հետ կայացած հեռուստաբանավեճի ընթացքում, հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով, դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում՝ 18:15-ի սահմաններում, դիտավորյալ կերպով ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արեգ Քոչինյանի ուսերին, կրծքավանդակին, դեմքին, դաստակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ: Արեգ Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոց 26 շենք հասցեում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում Սուրեն Սարգսի Սահակյանի հետ կայացած հեռուստաբանավեճի ընթացքում, հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով, Սուրեն Սահակյանհ հետ դուրս է եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում՝ 18:15-ի սահմաններում, դիտավորյալ կերպով ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Սահակյանին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Գործը դատարանում է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































