Armenian text to speach

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ լուռ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Ծնողներից մեկի խոսքով՝ իրենց լուռ ակցիան նրա համար է, որ իրենք ոչ մի տոն չեն նշում, իրենց համար տոներ չկան։

 

«Մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում ու այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար, մեզ անընդհատ խաբում են, թե ինչու չեն աշխատում՝ դե վրիպակ է եղել: Այդ «վրիպակների» պատճառով մենք այս օրն ենք ընկել: Այս լուռ ակցիան նրա համար է, որ ցույց տա՝ հայ մայրը արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը սրտում սպասում է իր որդու վերադարձին։ Մեզ համար չկան տոներ։ Մենք մարտի 8-ին էլ էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք Նոր տարին եկեղեցում ենք նշում: Մեզ համար չկա ուրախություն, մեր ճակատագրերը, մեր երեխաների ճակատագրերը խեղաթյուրել են: Հանուն հայ ազգի գնացել, կռվել են ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար… հասկանու՞մ եք։ Ո՞նց ապրի այս մայրը, ո՞նց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի՝ իր որդին ինչ վիճակում է», – նշում են ծնողները։

Ո՛չ վարչապետը, ո՛չ որեւէ մեկը իրավունք չունեն տղաների հայցերը հետ կանչելու ՄԻԵԴ-ից: Այս մասին ապրիլի 7-ին Կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների լուռ բողոքի ակցիայի ժամանակ նշել է «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

«Եվրադատարանում մենք այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցված են, որ այդ տղաները գերեվարվել են ադրբեջանցի ասքյարների կողմից, եւ հիմա այդ հայցերը հարցականի տակ են: Եթե Կառավարությունը հետ է կանչում նաեւ այդ հայցերը, այս մարդիկ մնում են ձեռնունայն եւ որեւէ մեկից որեւէ բան պահանջել չեն կարող: Վերջին շրջանում փոքր տեղաշարժ եղավ. Եվրամիությունում բանաձեւ ընդունեցին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը մեր այս վերջին շրջանի ակտիվության ֆոնին, կարծես թե, ինչ-որ բան տեղից շարժեց, եւ հանկարծ Կառավարությունն այստեղից հայտարարեց, որ այդ ծնողների երեխաների հայցերը հետ են կանչվելու: Ես կարծում եմ՝ որեւէ մեկը՝ լինի երկրի վարչապետ, թե մեկ այլ անձ, իրավունք չունի հետ կանչել հայցերը: Դա մարդու իրավունքի կոպիտ խախտում է՝ որեւէ մեկի հայցը Եվրոպական դատարանից հետ բերելու, որովհետեւ այդ տղաները, առաջին հերթին, այս ընտանիքների անդամներն են եղել, մեր պետության զինվորներն են եղել», – ասել է նա:

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նմանատիպ հայցեր ադրբեջանական կողմն էլ ունի ընդդեմ Հայաստանի, եւ Խաղաղության պայմանագիր կնքելու համար դրանք պետք է հետ կանչվեն, Ռուզաննա Ստեփանյանն ասել է. «Ադրբեջանը այդպես հստակ չի ասել, թե իրենք վերջին պատերազմից հետո քանի անհետ կորած ունեն, որովհետեւ մենք տեսանք, որ հայկական կողմը ամենավերջին մարդասպանին էլ հանձնեց Բաքվին: Ի՞նչ անհետ կորածների մասին է խոսքը, այնտեղ տեսե՞լ եք նման ակցիաներ, տեսե՞լ եք դժգոհության ալիք, այնտեղ կարծես թե այդ հարցը վերջնականապես լուծված է: Ադրբեջանը ամեն օր կարող է նոր պահանջներով դիմել, եւ «մերոնք», փաստացի, ընդամենը ուզում են այդ սողացող խաղաղության թուղթը ստորագրել»:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

 

ԾԱՌԵՐԻ ՍՊԱՆԴ՝ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դիլիջան քաղաքի բնակիչներից բողոք ենք ստացել, որ Դիլիջանում՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջի շենքի առաջ, Դիլիջանի համայնքապետարանը շինարարություն է իրականացնում, որի համար արմատախիլ է արել մեծ եղեւինիներ, կառուցվել են խանութներ կամ սպասարկման այլ օբյեկտներ։ Արմատախիլ արված ծառերի տեղում, դրանց արմատները հողով ծածկել են, թաքցրել: Այդ կառույցները փակում են արվեստի քոլեջի շենքի մի մասը, խաթարում շենքի բնական լուսավորությունը։ Դիլիջանցիները բողոքում են, որ համայնքապետարանը շինարարական աշխատանքների ընթացքում հատել է դեպի Վանաձոր տանող ավտոճանապարհի եզրի սեւ սալորի ու սերկեւիլի ծառերը, դրանց փոխարեն դեկորատիվ տնկիներ տնկել, իսկ հատված ծառերը, առանց մանրացնելու, տեղափոխել է անապահով մարդկանց բակեր՝ որպես կարիքավորներին վառելափայտի օգնություն։ Դիլիջանի արվեստի քոլեջի երկարամյա տնօրեն Հասմիկ Մկրտումյանը հայտարարել է, որ իրենք փորձել են միջամտել, հարցրել են, թե ինչու են հատում այդ ծառերը։ Նա ասել է, որ որ արվեստի քոլեջի շենքի առաջ կառուցված օբյեկտները ճարտարապետական խնդիր են դարձել, նաեւ   քոլեջի լուսավորությանն են խանգարում։ Այս խնդրի վերաբերյալ մեր թղթակիցը գրավոր հարցում է արել  բնապահպանության եւ ընդերքի տեսական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին։ Մարտի 31-ին ստացել ենք նրա պատասխանը, որտեղ մասնավորապես նշված է. «ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում  հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Դիլիջանի համայնքապետարանի կողմից սուբվենցիոն ծրագրով Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում իրականացվում են փողոցի ասֆալտապատման եւ մայթերի հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում հիվանդ եւ չորացած ծառերը կտրվում-հեռացվում են մայթերից՝ ավելի երկարամյա ծառերով փոխարինելու նպատակով, իսկ առողջ ծառերը էտվում են։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում բնապահպանական իրավախախտումներ չեն հայտնաբերվել, որի հիմքով վարույթը կարճվել է։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի 2/28 եւ 2/17 հասցեներում գտնվող տարածքները հանդիսանում եմ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներ, որտեղ նշված անշարժ գույքերի սեփականատերերի կողմից իրականացվել են 15մ եւ 11մ բարձրություն ունեցող «Եղեւնի» տեսակի 2 ծառի տեղափոխման եւ վերատնկման աշխատանքներ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված՝ սեփականատիրոջ իրավունքի իրացման շրջանակներում»։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Դիլիջան քաղաքում առողջ ծառերի սպանդը ներկայացրել է որպես չոր, հիվանդ ծառերի փոխարինում, որպես էտ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս