Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԶԱՊԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության կողմից ԱԺ բերված «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անսպասելի ելույթ ունեցավ ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանը` ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին առաջարկելով պատկերացնել օրենքի դրույթների իր կանխավարկածները: Խոսքն ամրագոտիներ կապելու անհրաժեշտության մասին էր, եւ պարոն Սողոմոնյանն առաջարկեց պատկերացնել. ամառ, կիզիչ շոգ, ղեկի մոտ նստած գեր, մեծ փորով  մարդ: Այս օրինակը բերելով` ԲՀԿ-ական պատգամավորը հարցրեց. «Ձեր կարծիքով` հիմա ամրագոտին օգնո՞ւմ է, թե՞ խանգարում»: Բերված մյուս օրինակը «Զապերի» վարորդների մասին էր, որոնց կառավարությունը զրկում է մգեցված ապակիներ ունենալու երջանկությունից. «Տեսե՛ք` մենք շքեղության հարկ ենք մտցնում, շքեղության հարկի տակ ընկնող մեքենաները, որպես կանոն, գործարանային   մգեցված ապակիներ են ունենում: Դրանից ներքեւ, որպես կանոն, մենք ենք մգեցնում: Հիմա պատկերացրե՛ք «Զապի» վարորդին, որի միակ ուրախությունն էդ մգեցված ապակին է: Սա ի՞նչ սոցիալական անարդարություն է»,-ներկայացրեց Էռնեստ Սողոմոնյանը, որ այդ պահին խոսում էր նաեւ որպես սոցիալ-դեմոկրատ:
Ի դեպ, Էռնեստ Սողոմոնյանն Արթուր Օսիկյանին անընդհատ դիմում էր` «պարո՛ն ոստիկանապետ»` ակամա չնպաստելով նրա առաջխաղացման կարիերային:




Լրահոս