Armenian text to speach

Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 % վերադարձ կստանան. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 10-ի նիստում հաստատեց ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

«Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտըարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը և ոլորտում տնտեսական գործունեությունն ակտիվացնել, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը, ֆիլմարտարդության զարգացմանը»,-ասաց նա:

Ըստ նախարարի՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես: Օրինակ՝ ՀՀ-ում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական աշխատանքները:

2019-2024-ին Հայաստանում, ըստ նախարարի, ֆիլմարտադրության համար ֆինանսավորումը 309 մլն դրամ է եղել: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 մլն դրամ:

«Այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի ֆիլմարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը:

Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ստացվում է ՀՀ-ն ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի հնարավորություն է ստեղծում, ապա հիշեցրեց, որ նախկինում նաև օրենսդրական լուծում էր տրվել հարցին: Որոշման այս նախագծով արդեն ենթաօրենսդրական կարգավորումներ են կատարվում, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի:




Լրահոս