Խնածախում խուճապ չկա, բայց մարդիկ մտահոգված են, կրակոցները հաճախակի բնույթ են կրում. Խնածախ համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերն ադրբեջանական կողմը կրկին կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի դիրքերի ուղղությամբ։

ArmLur.am-ը զրուցել է Խնծախ համայնքի ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ, որ հաստատեց տեղեկությունը նշելով հետևյալը.

«Անցած գիշեր կրկին կրակոցներ են եղել Խնածախ գյուղի երկու դիրքերի ուղղությամբ։ Ոչ այդքան ակտիվ, բայց եղել են։ Կրակոցներն սկսվել են ժամը մոտավորապես 10։20-ից և շարունակվել են մինչև առավոտյան էլի մոտավորապես 04։30-ը։ Մյուս գյուղերին պատկանող դիրքերից տեղյակ չեմ, չգիտեմ, ուրիշ դիրքերի ուղղությամբ կրակոցներ եղել են, թե չէ։»

Խնածախ համայնքի ղեկավարը նաև նշեց, որ գյուղի բնակիչների մոտ կա որոշակի մտահոգություն․
«Կրակոցները հեռվից են լսելի եղել։ Խնածախում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով։ Այստեղ խուճապ չկա, բայց, բնական է, որ որոշակի մտահոգություն կա։ Վերջին շրջանում բոլորդ էլ գիտեք, որ պարբերաբար են կրակոցներ լինում, ինչն էլ խաթարում է գյուղում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները»։

Նանիկ Աղասյան




Լրահոս